Մատչելի հղումներ

Թուրքական լիրան գրանցում է արժեքի աճ, սակայն տնտեսագետները լավատես չեն


Երկուշաբթի ուշ երեկոյան թուրքական լիրան մեծ շրջադարձ կատարեց այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը մի շարք քայլեր ներկայացրեց, որոնք, ըստ նրա, կթեթևացնեն հիվանդ վիճակում գտնվող արժույթի բեռը: Սակայն Էրդողանը խոստանում է պահպանել ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը, ինչն էլ դարձել էր լիրայի անկման գլխավոր պատճառ: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Էրդողանի հայտարարությունից հետո լիրան, որն արժեզրկվել էր ավելի քան 11%-ով, գրանցեց մոտ 10%-ի աճ:

Լիրայի վերականգնումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ամերիկյան դոլարը կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի տարածման արդյունքում գրանցում է անկում:

Ելույթ ունենալով կառավարության նիստից հետո` Էրդողանն ասել է, որ կիրականացվեն քայլեր, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի իրենց լիրան փոխարկել արտասահմանյան այլ արժույթներով:

«Տոկոսադրույքների նվազեցման արդյունքում մենք բոլորս կտեսնենք, թե եկող ամիսների ընթացքում ինչպես է նվազում գնաճը»,- ասել է նա։

Նա նաև կոչ է արել «բոլորին, ովքեր ունեն բավարար չափով գումար, իրականացնել ներդրումներ: Նա խոստացել է բարձրացնել թոշակները:

Հիշեցնենք, որ Էրդողանի կողմից սեպտեմբերից սկսված 500 բազիսային կետով տոկոսադրույքների կրճատման քաղաքականությունն էր դրել վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայի ամենավատ արժույթային ճգնաժամի սկիզբը, երբ լիրան վերջին 30 օրվա ընթացքում անկում ապրեց 35%-ով:

Ըստ Reuters-ի, տնտեսագետները, հակառակ Էրդողանի լավատեսությանն, ասում են, թե ցածր տոկոսադրույքների մոդելն անխոհեմ քայլ է, եւ կանխատեսում են, որ հաջորդ տարի գնաճը կանցնի 30%-ից:

XS
SM
MD
LG