Մատչելի հղումներ

Հայաստանը չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, դա ֆեյք թեմա է. Արմեն Գրիգորյան


ԱՄՆ-ի Սպիտակ տան մամլո ծառայությունը հաղորդում է, որ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջեւ դեկտեմբերի 15-ին անցկացված հանդիպման ժամանակ Սալիվանը փոխանցել է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը ‘’անպատասխանատու և սադրիչ’’ քայլեր են։

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տրված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասում է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:

‘’Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարեւոր անվտանգային գործոն է’’, ասում է նա ու ավելացնում.

‘’Այդ օրակարգում շատ կարեւոր դեր եւ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանում անվտանգային միջավայրին վ, ինչպես նաեւ` տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր’’:

Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ, ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված ‘’միջանցք’’-ի մասին հաճախ հնչող խոսքերին, Ադրբեջանի կողմից պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման հարց իրականության մեջ չկա:

‘’Հայաստանը որեւէ ժամանակ չի քննարկել ‘’միջանցքի’’ վերաբերյալ որեւէ հարց: ‘’Միջանցք’’-ի հարցը Բրյուսելում որոշակի չափով եւս մեկ անգամ հաստատեց, որ այդպիսի թեմա չկա: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա’’:

Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել Atlantic Council վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին:

‘’Atlantic Council’’-ը կազմակերպել էր հանդիպում փորձագիտական համայնքի հետ, որտեղ ներկայացրել եմ մեր ընկալումները տարածաշրջանային կայունացման եւ տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ’’, ասում է նա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունները կարեւոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը:

  • Հարց. Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, եւ որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին:

‘’Հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք’’:

  • Հարց. Ու՞մ կողմից:

‘’Այդ քաղաքական կամքը մենք ունենք, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանում եւս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատեւ լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ’’:

XS
SM
MD
LG