Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մի քանի նահանգում արձանագրվել են մահաբեր փոթորիկներ


Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ԱՄՆ մի շարք հատվածներում, որոնք ենթարկվել են տորնադոների հարվածներին: Նախագահ Բայդենը որոշ տեղերում դաշնային արտակարգ դրություն է հայտարարել և խոստացել աջակցություն։ Հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ առանց ջեռուցման ու լույսի

Ավերիչ տորնադոները հարվածել են ամերիկյան մի քանի նահանգներ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, որոնց հիմնական մասը Կենտուկի նահանգից են: Այս պահին զոհերի թիվը հասնում է 80-ի, սակայն սպասվում է, որ այդ թիվը կավելանա, քանի որ շարունակվում են փրկարարաորոնողական աշխատանքները:

Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային ծառայության ղեկավար Դին Քրիսվելը ABC-ի հետ զրույցում նշում է, որ դեռևս կան հույսեր, որ հնարավոր կլինի փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած մարդկանց, և որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են տուժած բոլոր նահանգներում: Ըստ նրա՝փրկարարարական աշխատանքներին կհաջորդեն վերականգնողական աշխատանքները:

Մենք իսկապես ցանկանում ենք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես ենք կարող օգնել այս համայնքներին իրենց անմիջական կարիքների, ապաստանի տրամադրման և երկարաժամկետ բնակարանային կարիքները հոգալու հարցերում, որոնց կարիքը իսկապես ունեն այս համայնքներն ու այստեղ բնակվող ընտանիքները, նշել է ծառայության ղեկավարը:

Արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս Արկանզաս և Կենտուկի նահանգներում փոթորիկների կատարած ավերածությունները, որոնք հողին են հավասարեցրել ողջ համայնքներ: Ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում անօթևան մնացած մարդիկ, ովքեր բնական այս աղետի արդյունքում կորցրել են իրենց տները, այժմ ապաստանում են ժամանակավոր կացարաններում:

NBC-ի «Meet the Press»-ի եթերում Կենտուկիի դեմոկրատ նահանգապետ Էնդի Բեշիրը ասում է, որ այդ նպատակով ստեղծվելու են 13 ժամանակավոր կացարաններ: Այս պահին գործում են վեցը, ասում է նահանգապետը, ով վստահություն հայտնեց, որ միասնաբար կկարողանան հաղթահարել բնական այս աղետի արդյունքում ստեղծված ծանր իրավիճակը և կվերակառուցեն տուժած տարածքները:

Առայժմ Կենտակին միակ նահանգն է, որը աջակցություն է խնդրել վարչակազմից: FEMA-ի ադմինիստրատոր Դին Քրիսվելն ասում է, որ գործակալությունը այնտեղ ունի մոտ 100 աշխատակից, ներառյալ որոնողափրկարարական խմբերը, բայց պատրաստվում է ավելացնել թիվը՝փրկված մարդկանց անվտանգ վայր տեղափոխելու համար: ABC-ի եթերում նա ընդգծել է, որ իրենց առաջնահերթությունը շարունակում է մնալ մարդկանց անվտանգ և ապահով ապաստանով ապահովելը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ամերիկյան վեց նահանգներ ենթարկվեցին ուժեղ փոթորիկների հարվածներին: Կենտակիում արձանագրված տորնադորներից մեկը ունեցել է ավելի քան 320 կիլոմետր ժամ արագություն: Ըստ արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավարի՝ FEMA-ի նպատակներից մեկն է համայնքներին տեղեկացնելը բնական այս աղետի ռիսկերի և դրանց ընթացքում գործողությունների մասին. սա կարող է օգնել նվազեցնել զոհերի թիվը ապագա հնարավոր բնական աղետների ժամանակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG