Սուրբ Ծնունդը կարանտինում. Այսպես կարելի է նկարագրել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, որտեղ կրճատվել է հարավաֆրիկյան երկրներից ժամանող օդանավերի թիվը: Իսկ արդեն ժամանած ուղեւորների համար պարտադիր է կարանտինը:
Թերեզա Մարթինը, որը վերջերս Հարավաֆրիկյան Հանրապետություն էր մեկնել մորն այցելելու համար, ասում է, որ ամեն ինչ հայտնվել է խառնաշփոթ իրավիճակում` պատվաստումը, թեստավորումը, տոմսերի վաճառքը, կարանտինը:
Միացյալ Թագավորությունը վերջերս ուժի մեջ դրեց 14-օրյա կարանտինի մասին կանոնն այն ճանապարհորդների համար, որոնք գալիս են «կարմիր ցուցակից» կամ բարձր ռիսկային երկրներից, ինչպիսիք են հարավային Աֆրիկայի որոշ երկրներ:
ԱՄՆ-ը նույնպես սահմանափակել է հարավաֆրիկյան մի քանի երկրներից ճանապարհորդությունը:
Փղոսկրի Ափում կայացած մամուլի ասուլիսում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ճամփորդությունների արգելքները վերջերս անվանեց «ոչ գիտական» և հայտարարեց, որ դրանք «ապտակ» էին աֆրիկացի գիտնականներին, ովքեր առաջինն էին, որ հայտնաբերեցին Omicron ենթատեսակը:
«Չնայած մենք հարգում ենք իրենց ժողովրդին պաշտպանելու յուրաքանչյուր երկրի իրավունքը, համավարակի հաղթահարման համար մեզ անհրաժեշտ կայուն գլոբալ համագործակցությունը պահանջում է, որ մենք առաջնորդվենք գիտությամբ, ոչ թե զգացմունքներով և ոչ քաղաքական նկատառումներով», ասել է նա:
Իսկ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին արդարացնում է գործակալության զգուշավոր մոտեցումը:
ABC հեռուստակայանին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք գիտենք, որ այն ունի բազմաթիվ մուտացիաներ, ավելի շատ մուտացիաներ, քան նախկին տարբերակները: Եվ դրանից խուսափելու համար անում ենք այն, ինչ այս պահին անհրաժեշտ է անել»:
Շաբաթ օրվա դրությամբ ԱՄՆ-ի առնվազն 16 նահանգներում են հայտնել Omicron ենթատեսակի դեպքերի մասին: Մինչ գիտնականները շարունակում են հետազոտությունները, առողջապահության ոլորտի պաշտոնյաները որոնում են այս վարակի առաջն առնելու ձեւեր, ենթատեսակ, որը գիտնականներն անվանում են խիստ մուտացիայի ենթարկված տարբերակ: