Մատչելի հղումներ

Թուրքական լիրան գրանցում է աննախադեպ անկում` տնտեսությունը դնելով վտանգի տակ


Նոյեմբերի 30-ին թուրքական լիրան հասել է 1994 թվականից ի վեր ամենացածր փոխարժեքին՝ 14 լիրա ԱՄՆ դոլարի դիմաց, երբ նախորդ տարվա վերջին եռամսյակին միջին ցուցանիշը 8 էր։

Թուրք ձեռնարկատերերն ասում են, որ դժվար է շարունակել գործունեությունը նման պայմաններում, երբ լիրայի արժեզրկումը գների կտրուկ աճի պատճառ է դարձել:

Բջջային հեռախոսների խանութի սեփականատեր Աքինչիի խոսքերով, շուկան ամբողջովին փակուղում է, եւ բիզնեսով զբաղվելը դառնում է անիմաստ:

Ամբողջ երկրում թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ ալյուրը, ձեթը, շաքարավազը։

Հացաբուլկեղենի խանութի սեփականատերերն էլ ասում են, որ

հացը թանկացրել են 21 տոկոսով: ‘’Այս պահին մենք պարզապես փորձում ենք գոյատեւել’’, ասում են նրանք։

Իսկ այս ամենն ուղղակի ազդեցություն է գործում բիզնեսի լայն շրջանակի, այդ թվում շինարարության վրա:

Փորձագետները նշում են, որ լիրայի նոր ցածր մակարդակը պայմանավորված է տոկոսադրույքները նվազեցնելու մասին նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությամբ:

Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերից ի վեր Էրդողանի հրահանգով արդեն երեք անգամ իջեցրել է տոկոսադրույքները, ինչը կրկին բորբոքել է բանկի անկախության վերաբերյալ մտավախությունները:

Էրդողանը կարծում է, որ բարձր տոկոսադրույքները գնաճ են առաջացնում։ Տոկոսադրույքները ցածր պահելը, ըստ նրա, կխթանի աճը։

Սակայն որոշ վերլուծաբաններ ասում են, որ Էրդողանի տեսակետները ոչ ավանդական են՝ հաշվի առնելով, որ երկրում գնաճի մակարդակը 21%-ից բարձր է, ինչպես դեկտեմբերի 3-ին հայտնել է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը:

Չնայած այս տարվա ընթացքում 45 տոկոսով արժույթի արժեքի անկմանը, Թուրքիայի տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է 7,4 տոկոսով։

Էրդողանը դա համարում է իր քաղաքականության հաջողություն, սակայն փորձագետները զգուշացնում են, որ լիրայի անկումը և գների աճը կարող են կանգնեցնել այդ տնտեսության աճը շատ ցավալի կերպով:

Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում անցկացվում են բողոքի ցույցեր` պահանջելով կառավարության հրաժարականը:

Ընդդիմությունը կոչ է անում անցկացնել արտահերթ ընտրություններ: Սակայն Էրդողանը պնդում է, որ ընտրություններն անկացվելու են 2023 թվականին, ինչպես նախատեսված է:

Այս ընթացքում բիզնեսի սեփականատերերը նյարդայնացած սպասում են, թե ինչպես են շուկաները արձագանքելու կառավարության տոկոսադրույքների հետագա քաղաքականությանը:

XS
SM
MD
LG