Եվրամիությունը այս շաբաթ գործարկեց 340 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ՝ գլոբալ ենթակառուցվածքները խթանելու համար, որը, ըստ վերլուծաբանների, ուղղված է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» մրցակից նախաձեռնությանը: Բայց կարո՞ղ է այն դառնալ իրական մրցակից:
Եվրամիությունը հայտարարում է, որ իր «Global Gateway» հիմնադրամը միլիարդավոր դոլարներ կառաջարկի՝ հիմնականում նոր զարգացող երկրներում կառուցելու համար բարձրորակ ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային մալուխներ, ճանապարհային և երկաթուղային նախագծեր և վերականգնվող էներգիա:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով, «Մտածեք, օրինակ, մաքուր ջրածնի ներդրումների մասին: Մենք ունենք գործընկեր երկրներ, որոնք ունեն վերականգնվող էներգիայի առատություն։ Մտածեք քամու կամ արևի մասին՝ ջրածին արտադրելու համար, ինչը հետաքրքիր է եւ նրանց և մեզ համար, կամ մտածեք երկու մայրցամաքները միմյանց կապող տվյալների ստորջրյա մալուխի մասին»:
Հիմնադրամը մինչև 2027 թվականը կառաջարկի 340 միլիարդ դոլար՝ մեծամասնությունը վարկերով, այլ ոչ թե դրամաշնորհներով: Այն նպատակաուղղված կլինի առողջապահական կարողությունների զարգացմանը և կրթության ոլորտում ներդրումներ կատարելուն:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ժողովրդավարական, արժեքների վրա հիմնված մոտեցումը կարող է հասնել ամենահրատապ մարտահրավերներին», ասել է Ուրսուալ Ֆոն դեր Լեյենը:
«Global Gateway-ի, թարգմանաբար ‘’Համաշխարհային դարպաս’’-ի հիմնական նպատակն է արձագանքել Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, Չինաստանի նոր Մետաքսի ճանապարհին, ասում են վերլուծաբանները:
Բայց արդյո՞ք Եվրոպայի 340 միլիարդ դոլարը բավարար է մրցակցելու համար:
Միջազգային քաղաքականության հարցերով պրոֆեսոր Ջոնաթան Հոլսլագի խոսքերով, «Չինաստանն այսօր ունի արտասահմանյան վարկերի շուրջ 1 եւ կես տրիլիոն դոլարի ծրագիր»:
Այդ ֆինանսական հզորությունը ցուցադրվեց Լաոսում այս շաբաթ, երբ այստեղ պաշտոնապես բացվեց 5,9 միլիարդ դոլար արժողությամբ 1000 կիլոմետրանոց երկաթուղային կապը Չինաստանի Կունմին քաղաքի հետ, որի 60 տոկոսը ֆինանսավորվել է չինական պետական վարկերով:
Չինաստանը նաև ներդրումներ է կատարել Եվրոպայում՝ գնելով նավահանգիստներ, ինչպիսին Պիրեուսն է Հունաստանում, և ֆինանսավորելով տրանսպորտային ուղիները բալկանյան երկրներում: Հետևելով Պեկինի այս քայլերին, ԵՄ-ն այլընտրանք է առաջարկում:
Եվրոպան ասում է, որ իր «Գլոբալ դարպասը» կարող է աշխատել Մեծ յոթնյակի «Ավելի լավ աշխարհ» ենթակառուցվածքային հիմնադրամի հետ համատեղ:
Չինաստանը դեռեւս ուղղակիորեն չի արձագանքել եվրոպական ծրագրերին։ Միայն այս ամսվա սկզբին Պեկինը հայտարարել է, որ «համաշխարհային ենթակառուցվածքների ոլորտում կա համագործակցության համար շատ տեղ»: