Մատչելի հղումներ

Ճանապարհորդական նոր սահմանափակումներ` ԱՄՆ-ում


Եթե նախատեսում եք այցելել Միացյալ Նահանգներ. պատրաստ եղեք հետևել COVID-19-ի ավելի խիստ կանոնների:

Բացի ամբողջական պատվաստումից, հաջորդ շաբաթվանից ներգնա ճանապարհորդները, անկախ ազգությունից, պետք է բացասական թեստի արդյունք ցույց տան մեկնելուց առաջ մեկ օրվա ընթացքում, նախկին նախատեսված երեք օրվա փոխարեն:

«Մենք նաեւ երկարաձգում ենք ձմռան ամիսներին օդանավերի, գնացքների, հասարակական տրանսպորտի համար դիմակներ կրելու պահանջը», ասել է Բայդենը:

Այժմ մեծ ուշադրություն է դարձվում խթանիչ չափաբաժինը տրամադրելու հարցի վրա, եւ անվճար պատվաստումներին զարկ տալով, փորձ է արվում կանխել հնարավոր համընդհանուր սահմանափակումները:

ԱՄՆ-ում չորեքշաբթի օրը հայտնաբերվեց կորոնավիրուսի Օմիկրոն անվանումը կրող ենթատեսակի առաջին դեպքը, որից հետո կայացվեց ինը երկրների, այդ թվում Հարավային Աֆրիկայի հետ օդային կապը դադարեցնելու մասին որոշում:

Ամերիկայում ընդունվեց նաեւ որոշում եկող 100 օրերի ընթացքում կարիքավոր երկրների հավելյալ 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ հատկացնելու մասին: Դրանք կուղարկվեն նաեւ հակամարտության գոտիներ, ինչպես նաեւ փախստականների ճամբարներ:

Դյուքի համալսարանի վերջին վերլուծության մեջ ասված է, որ մինչեւ տարեվերջ աշխարհի բնակչության առնվազն 40 տոկոսին պատվաստելու ՄԱԿ-ի ծրագիրն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է նախապես ծրագրվածից 650 միլիոն չափաբաժին ավելի դեղաչափ:

Ինչպես համալսարանի Առողջության նորարարական կենտրոնի հիմնադիր տնօրեն Կրիշնա Ուդույակամուրն է ասում, այս թիվն առաջին հայացքից շատ մեծ է թվում, սակայն, ասում է նա, ‘’Մեր հաշվարկներով միայն Մեծ յոթնյակի երկրներն այս պահին կարող են տրամադրել ավելի քան 800 միլիոն չափաբաժին’’:

Սակայն թեև դեղաչափերի արդար բաշխումը մնում է մտահոգիչ խնդիր, աշխարհի շատ հատվածներում ավելի մեծ խնդիր է համարվում թերահավատությունը: Իսկ հիվանդությունը հարվածում է հենց այն հատվածներին, որտեղ առկա է այդ թերահավատությունն ու չվարակվելու մասին անհասկանալի ինքնավստահությունը:

XS
SM
MD
LG