"Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և կալանավորվածների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ես հուսով եմ, որ մենք կարող ենք բոլորս, այդ թվում և Ռուսաստանը, աշխատել միասին, որպեսզի առաջընթացը շարունակական լինի",- ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է. "Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծման":
Էնթոնի Բլինքենը նաև անդրադարձել էր ԼՂ հակամարտության խնդրին՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
"Կովկասում մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Շատ աշխատանք կա անելու, որպեսզի փորձենք հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և արդարացի ավարտին: Հուսով եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել նաև այդ ուղղությամբ",- ասել էր պետքարտուղարը: