Մատչելի հղումներ

Մոսկվան Պուտինի օրոք ձգտում է արդյունավետ վերահսկողության նախկին խորհրդային տարածքում. Տեսակետ


Այս տարի լրանում է ԽՍՀՄ-ի փլուզման 30-րդ տարեդարձը: Վերլուծաբանները քննարկում են ՀՀ-ի ու այլ հետխորհրդային երկրների հարաբերությունները Մոսկվայի հետ

Երեք տասնամյակ առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 26-ին, խորհրդային կարմիր դրոշը իջեցվեց Կրեմլից, որով ազդարարվեց Խորհրդային Միության վերջնական կործանումը: Խորհրդային ժամանակագրությունն այսպիսով կանգ առավ՝ իր տեղը զիջելով Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած հետխորհրդային տարածքում ձևավորված նորանկախ պետություններին: Վերջիններիս հարաբերությունները ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի հետ ստացան միմյանցից տարբերվող ընթացք:

«Մոսկվայի հարաբերությունները նախկին Խորհրդային Միության բոլոր պետությունների հետ ունեն որոշակի օրինաչափություններ, բայց դրանք տարբերվում են մեկը մյուսից, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկություները Կրեմլի հետ հարաբերություններում»,- ասում է Ջոն Հերբսթը:

«Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով, Մոսկվան ամեն կերպ ձգտում է պահպանել ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Այսօր դա նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Վերջինս խորհրդային կայսրության փլուզումը որակել էր որպես «20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը»։

«Անկասկած, նախագահ Պուտինի օրոք Մոսկվան ցանկանում է արդյունավետ վերահսկողություն իրականացնել նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում: Արդյունավետ վերահսկողություն չի նշանակում, որ նրանք ցանկանում են անեքսիայի ենթարկել այս բոլոր երկրները, այլ ձգտում են, որ այս երկրների քաղաքականությունը, հատկապես ազգային անվտանգության հարցերում, համահունչ լինի Կրեմլի նպատակներին»,- գտնում է Հերբսթը:

Այս ուղղությամբ Մոսկվայի նկրտումները, սակայն, Հերբսթի կարծիքով, հաջողությամբ չեն պսակվում:

«Նրանք չեն հաղթում Ուկրաինայում, չնայած պատերազմում են այնտեղ շուրջ յոթ ու կես տարի: Վերահսկելով Վրաստանի գրավյալ հատվածները՝ նրանք հաջողության չեն հասել ընդհանուր Վրաստանում: Նրանք գրավել են Մոլդովայի մի մասը, սակայն այստեղ ևս նույն վիճակն է։ Նրանք որոշակի ազդեցություն ունեն Բաքվի վրա և ավելի շատ ազդեցություն` Երեւանի, սակայն անգամ Երեւանի պարագայում, պարզ չէ, թե որքանով է նրանց գոհացնում Փաշինյանի իշխանության վրա լինելու հանգամանքը»,- շեշտում է Հերբսթը:

Նախկին դեսպանի կարծիքով, այս քաղաքականության անբաժանելի մաս են կազմում հետխորհդային հակամարտությունները: Մոսկվան, անշուշտ, շահագործում է այս հակամարտությունները իր օգտին՝ պահպանելով, եթե ոչ վերահսկողությունն, ապա` ազդեցությունը, գտնում է Հերբստը՝ ընդգծելով, որ հակամարտությունները օգտագործելու քաղաքականությունը ՌԴ-ը հետևողանորեն իրականացնում է Խորհրդային Միության փլուզումից ի վեր:

«Մոսկվան 1990-ականների սկզբերից որդեգրեց սառեցված հակամարտություններն օգտագործելու քաղաքականություն՝ փորձելով սահմանափակել Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հնարավորությունները արևմտամետ արտաքին քաղաքականություն վարելու ուղղությամբ: Բոլոր այդ երկրներում Մոսկվան ունի տեղակայված զորքեր»,- ասում է Հերբսթը:

Նրա կարծիքով, եթե նախկինում այս քաղաքականությունն արդյունավետ էր և համեմատաբար ոչ ծախսատար, ապա այժմ իրավիճակը փոխվել է: Ուկրաինան ի վերջո կհաղթի Կրեմլի դեմ պատերազմում, շեշտում է նա՝ ընդգծելով, որ այդ զարգացումը հավանաբար, դրական ազդեցություն կունենա նմանատիպ իրավիճակում հայտնված Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի համար:

Իր հերթին քաղաքագետ Աննա Օհանյանի կարծիքով, Ռուսաստանը միշտ չէ, որ ձգտում է կլանել հետխորհդային տարածքը, քանի որ նման քաղաքականությունը իր ազդեցության գոտում ծախսատար է թե ֆինանսապես և թե քաղաքականապես: Նա գտնում է, որ այսօր հետխորհդային հարթության վրա առկա են նաև այլ խոշոր տերություններ, որոնց թվում է նաև Չինաստանը:

«Մենք հակված ենք հաճախ գերագնահատել կամ չափազանցնել Կրեմլի քաղաքական ուժը: Սակայն, եթե նայենք հետխորհրդային տարածքին, ապա Ռուսաստանի անմիջական ազդեցությունը նրա ներգրավվածության առումով ենթակվել է փոփոխության»,- ասում է Օհանյանը:

Անդրադառնալով հետխորհդային Հայաստանի ու Ռուսաստանի հարաբեույուններին՝ քաղաքագետը ընդգծում է այն փաստը, որ Ռուսասատնի ազդեցության գոտում գտնվող Հայաստանում տարիներ առաջ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն առանց Ռուսաստանի միջամտության: Այս հարցն, ըստ նրա, հետագա ուսումնասիրության կարիք ունի:

«Ռուսաստանը մեծ տնտեսություն է, անվտանգության ոլորտի կարևոր գործընկեր: Այն մշտապես ներկա է տարածաշրջանում, սակայն միեւնույն ժամանակ, դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ինքնիշխանությունից և ամեն ինչ հանձնի Ռուսաստանին»,- նշում է նա:

Աննա Օհանյանը կողմ է հայ-ռուսական հարաբերություների վերաձևավորմանը: Նա կարևորում է Հայաստանի ժողովրդավարական ուղիով շարունակական զարգացումն ու սեփական իշխանություն ձևավորելու հայ ժողովրդի իրավունքի առկայությունը, որոնք, ըստ նրա, պետությունն ամրապնդելու միակ ուղին է:

Facebook Forum

XS
SM
MD
LG