Բելառուսի և Լեհաստանի միջև սահմանը գրավեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը, երբ հազարավոր միգրանտներ, Բելառուսի իշխանությունների կոչերով ժամանեցին այստեղ ու փորձեցին մուտք գործել Եվրամիության տարածք:
Ճգնաժամն այժմ էլ շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ մեծաթիվ միգրանտներ, չկարողանալով անցնել սահմանը, հետ են վերադարձել իրենց երկրներ:
Ինչպես Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն է ասում, «Լուկաշենկոն օգտագործում է միգրանտներին երկու նպատակի հասնելու համար. Առաջին՝ խույս տալ քաղաքական մեկուսացումից՝ ստիպելով եվրոպացի առաջնորդներին երկխոսություն սկսել իր հետ։ Եվ երկրորդ՝ չեղյալ համարել տնտեսական պատժամիջոցները կամ գոնե խուսափել նոր պատժամիջոցներից, որոնք ընդունվել են Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատճառով»։
Վերլուծաբաններն ասում են, որ 2020 թվականին կեղծված ընտրություններից հետո Լուկաշենկոյի դեմ անցկացված զանգվածային բողոքի ակցիաները և Բելառուսի անվտանգության ուժերի կողմից հետագա քաղաքական ճնշումները սերտորեն կապակցված են:
Բելառուսի քաղաքական վերլուծաբաններից Վերոնիկա Լապուտսկան այն կարծիքին է, որ ներգաղթյալների ճգնաժամը Լուկաշենկոյի վարչակարգի համար հիանալի միջոց է աշխարհի ուշադրությունը շեղելու այն ամենից, ինչ տեղի է ունենում երկրի ներսում:
‘’Այստեղ շարունակվում են բռնաճնշումները, խեղկատակության աստիճանի հասած դատավարություններն ու դատավճիռները, երբ մեծաթիվ մարդիկ շարունակում են մնալ բանտերում’’, ասում է նա:
Իշխանությունների կողմից վրեժխնդրության թիրախում են մնացել լրատվամիջոցները: Անկախ լրագրողներն այլեւս չեն կարողանում ազատորեն հաղորդել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Բելառուսի եվրոպական ռադիոյի տնօրեն Դմիտրի Լուկաշուկի խոսքերով, « Դրսում բելառուս ավելի մեծաթիվ լրագրողների կհանդիպեք, քան Բելառուսում»։
Իսկ ստիպված կերպով երկրից փախած բելառուսցիներն ասում են, որ կարոտում են հայրենիքը եւ ունեն հույս, որ մի օր կգա հայրենադարձության ժամանակը:
Սակայն ժամանակի ընթացքում այդ հույսն ունի մարելու հնարավորություն, ինչին նպաստում է նաեւ երկրում տիրող անորոշ իրավիճակը: