Ճամբարի իշխանությունները հայտնում են, որ այստեղ գտնվողներին այս կանայք վերահսկում են բռնություններով եւ փորձում նաեւ այս եղանակով արթուն պահել Դաեշի գաղափարները:
Տեղի իշխանությունները լրագրողներին հորդորել են չմտնել ալ-Հոլի կալանավայր, որտեղ այսօր պահվում են պարտության մատնված Իսլամական պետություն խմբավորման անդամների կանայք ու երեխաները:
Կասկածներ կան, որ խմբավորման անդամներն ինչ որ կերպ զենք են անցկացնում ճամբար: Եվ չնայած անվտանգության խստագույն միջոցառումներին, ամեն ամիս այստեղ գրանցվում են սպանություններ: Ինչպես քրդական Սիրիայի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչն է ասում, ‘’Մի քանի օր առաջ մի խումբ լրագրողների դեմ, որոնք մուտք էին գործել ճամբար, Իսլամական պետություն խմբավորման անդամների երեխաները նրանց դիմավորել են քարկոծումներով: Այստեղ Դաեշի օրենքներն են պարտադրվում կանանց կողմից, եւ նրանք, ովքեր չեն ենթարկվում, դաժանաբար սպանվում են’’, ասում է նա:
ՄԱԿ-ը կոչ է անում, որ մոտ վաթսուն երկրների քաղաքացիներ համարվող այս կանանց ընդունեն այդ երկրների իշխանությունները եւ տեղափոխեն իրենց կալանավայրեր:
Սիրիայի մեկ այլ կալանավայրում` ալ-Ռոջում իրադրությունը քիչ ավելի հանգիստ է: Այստեղ կան կանայք, ովքեր, Մերիքա Բուդուայի նման ասում են, թե իրենք չեն ուզում, որ մյուսները կրկնեն իրենց թույլ տված սխալները: Նա ցավով է պատմում այն մասին, թե ինչպես է իր երեխաներին բերել Սիրիա, որոնց մի մասն այստեղ մահացել են: ‘’Հույս ունեմ, որ մի օր կստանամ Ֆրանսիա վերադառնալու հնարավորություն, եւ հույս երեխաներիս ապագայի համար’’, ասում է նա:
Որոշ կանայք այս ճամբարում, առանց նկարահանվելու ցանկության, պատմում են, որ 12-14 տարեկան տղաներին այստեղ առանձնացնում են մայրերից ու փորձում ապաարմատականացնել նրանց: Ինչ կտա այդ այսպես կոչված դասընթացը, այսօր ասելն անհնար է, սակայն փոքր չէ հավանականությունը, որ առանց մեղադրանքների այստեղ կանանց ու երեխաներին պահելու հանգամանքը, կարող է դառնալ ‘’ժամանակային ռումբ’’ հօգուտ ծայրահեղականության: