Երկու երկրների բարձրաստիճան զինվորականները երեքշաբթի կեսօրին հեռախոսազրույց են վարել՝ Արևմուտքի մտավախությունների պայմաններում, որ Մոսկվան կարող է ծրագրել ներխուժում հարևան Ուկրաինա: Դրա մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին քննարկել են «միջազգային անվտանգության արդի խնդիրները»։ Միաժամանակ, ՌԴ պաշտպանության գերատեսչությունը չի տրամադրել բանակցությունների մանրամասները։
Արևմտյան երկրներն այս ամիս ահազանգեցին ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի ակտիվության ավելացման մասին: Արևմուտքը Մոսկվային կասկածում է Ուկրաինա ներխուժում ծրագրելու մեջ. Մոսկվան հերքում է այդ կասկածները։
Անցյալ շաբաթ Ուկրաինան դիմեց իր արևմտյան դաշնակիցներին՝ լրացուցիչ ռազմական օգնության համար: Երեքշաբթի օրը Օդեսա է ժամանել երկու պարեկային նավ, որոնք ուղարկվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերին Միացյալ Նահանգների կողմից։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ի ցանկացած գործողություն, միտված Ուկրաինային լրացուցիչ տեխնիկա և ռազմական խորհրդատուներ տրամադրելուն, միայն կուժեղացնի լարվածությունը Մոսկվայի, Կիևի և Արևմուտքի միջև։
Ուկրաինական բանակը պայքարում է ռուսամետ անջատողականների դեմ 2014 թվականից ի վեր Արևելյան Ուկրաինայի Դոնեցկ և Լուգանսկ շրջաններում, որոնք սահմանակից են Ռուսաստանին։
Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները Ռուսաստանին մեղադրում են անջատողականներին աջակցելու և նրանց զորքեր և զինամթերք տրամադրելու մեջ, որը Մոսկվան հերքում է։
Facebook Forum