Մատչելի հղումներ

Բայդենը վերահաստատում է ‘’մեկ Չինաստան’’-ի քաղաքականությունը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, թե ինքը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին տեղեկացրել է, որ իր վարչակազմը հաստատակամորեն աջակցում է «մեկ Չինաստանի» երկարամյա քաղաքականությունը։

Այնուամենայնիվ, նա նաև նշել է, որ ինքնավար Թայվանը «անկախ» է և, ի վերջո, ինքնուրույն է որոշումներ կայացնում։

Սպիտակ տունը հայտնել է, որ Թայվանի հարցը մեծ տեղ է ունեցել երկու երկրների առաջնորդների վիրտուալ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին և տևել է ավելի քան երեք ժամ։

Թայվանի շուրջ լարվածությունը Չինաստանի հետ վերջերս սրվեց, երբ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից կործանիչների նոր խմբաքանակ ուղարկվեց դեպի այս կղզի:

Այնուամենայնիվ, Բայդենը երեքշաբթի օրն ընդգծել է իր աջակցությունը Թայվանի հետ հարաբերությունների ակտին, որն ուժի մեջ է մտել դեռեւս 1979 թվականին և սահմանում է ԱՄՆ-Թայվան հարաբերությունների ծավալները։

«Մենք հստակ ուղերձ հղեցինք այն մասին, որ շարունակում ենք հարգել Թայվանի մասին ընդունված այս օրենքը», - ասել է Բայդենը լրագրողներին Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ:

«Թայվանը անկախ է։ Այն ինքն է կայացնում իր որոշումները»,- ասել է նախագահը։

Ավելի ուշ Բայդենը լրագրողներին ասել է, որ ինքը նկատի չունի, որ ԱՄՆ-ը պետք է խորացնի Թայվանի անկախությանը զարկ տալու քաղաքականությանը, եվ ավելացրել է, որ Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել:

‘’Մեկ միասնական Չինաստան’’-ի վերաբերյալ քաղաքականության համաձայն,՝ ԱՄՆ-ն Պեկինին է ճանաչում որպես Չինաստանի կառավարություն, սակայն թույլ է տալիս ոչ պաշտոնական հարաբերություններ և պաշտպանական կապեր Թայփեյի հետ։

Բայդենը նաև հստակեցրել է, որ ԱՄՆ-ը «կտրականապես դեմ է ստատուս քվոն փոխելու կամ Թայվանի նեղուցի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարելուն ուղղված միակողմանի ջանքերին», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Երեքշաբթի օրն ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Թայվանի ապագան ոչ խաղաղ միջոցներով ձևավորելու ցանկացած փորձ լուրջ մտահոգություն է Միացյալ Նահանգների համար»:

Սալիվանն ասել է, որ երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ուսումնասիրել սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների հնարավորությունը:

XS
SM
MD
LG