Մատչելի հղումներ

Չորս տիեզերագնացները վերադարձել են երկիր


SpaceX Crew Dragon-ի պարկուճում գտնվող չորս տիեզերագնացները երկուշաբթի օրն ապահով կերպով վայրէջք են կատարել Մեքսիկական ծոցում՝ Ֆլորիդայի ափերի մոտ: Նրանք այսպիսով ավարտել են ՆԱՍԱ-ի վեցամսյա գիտական առաքելությունը Միջազգային տիեզերակայանում:

Dragon անվանում կրող պարկուճը պարաշյուտով վայրէջքն իրականացրել է երեկոյան ժամը 22:30-ին, այնպես, ինչպես նախատեսված էր:

Ուղիղ հեռարձակվող հաղորդման ժամանակ երեւացել է, թե ինչպես է պարկուճը, երկրի մթնոլորտ մուտք գործելուց հետո երկնաքարի պես անցնում գիշերային երկնքում: Մինչեւ օվկիանոսի խաղաղ ջրերի մեջ ընկնելը, այն իր արագությունը նվազեցրել է ժամում մինչեւ 25 կիլոմետրը:

Անձնակազմն այս առաքելության ժամանակ տիեզերքում է անցկացրել 199 օր: Անձնակազմի անդամներն էին ՆԱՍԱ-ն ներկայացնող ամերիկացի երկու տիեզերագնացներ, մեկ ճապոնացի եւ մեկ ֆրանսիացի մասնագետներ:

SpaceX Falcon 9 հրթիռը նրանց տիեզերանավը տիեզերք էր տարել ապրիլի 23-ին Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական թռիչքակայանից:

Այն երրորդ անձնակազմն էր, որն ուղեծիր դուրս եկավ ՆԱՍԱ-ի եւ միլիարդատեր Իլոն Մասքի կողմից 2020 թվականին հիմնադրված մասնավոր SpaceX ընկերության համատեղ ջանքերով:

XS
SM
MD
LG