2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ-ի առաջնորդությամբ և նախաձեռնությամբ հեռավար կկայանա Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը (The Summit for Democracy): Ամերիկյան Politico հանդեսի հրապարակած գագաթնաժողովին մասնակից և հրավեր ստացած երկրների շարքում ներառված է նաև Հայաստանը:
Տարածաշրջանային երկրներից բացի Հայաստանից, ըստ Politico հանդեսի հրապարակած ցուցակի, մասնակցության հրավեր է ստացել միայն Վրաստանը: Հայաստանից ու Վրաստանից զատ հետխորդային երկրների շարքում գագաթնաժողովին հրավիրված են նաև Մերձբալթկյան երկրները, Ուկրաինան և Մոլդովան: Մերձավոր Արևելքից հրավիրյալների ցուցակում են միայն Իսրայելն ու Իրաքը, իսկ եվրոպական երկրներից մասնակիցների շարքում բացակայում է Հունգարիան: Այստեղ ծայրահեղ աջակողմյան երկրի ղեկավար Վիկտոր Օրբանը բազմիցս քննադատության է ենթարկվել արևմտյան տերությունների կողմից:
Գագաթնաժողովի աշխատանքներին, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, կմասնակցեն ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ մասնակից երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մասնավոր հատվածը: ՛՛Գագաթնաժողովը կենտրոնանալու է ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների վրա և հարթակ կտրամադրի առաջնորդներին անհատական և կոլեկտիվ պարտավորություններ ստանձնելու համար՛՛ ՝ ի պաշտպանություն ժողովրդավարությանը և մարդու իրավունքների ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:
Ըստ ԱՄՆ-ի պետքարըտուղարության՝ առաջին իսկ օրվանից Բայդեն-Հարիս վարչակազմը շեշտում է՝ ժողովրդավարության աշխուժացումը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ մերօրյա աննախադեպ մարտահրավերներին դիմակայելու հարցում: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը մեջբերում է նախագահ Բայդենի խոսքերն, ըստ որի՝ Ամերիկայի ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն անբաժան է ԱՄՆ-ի ազգային շահերի առաջմղումից:
Facebook Forum