Facebook ընկերությունը հայտարարել է, որ շուտով վերանվանվելու է եւ կրելու է Meta անվանումը: Սա եւս մեկ անգամ ընդգծում է ‘’մետավերս’’ կառուցելու սոցիալական ամենախոշոր այս ցանցի նպատակը:
Metaverse-ը ինտերնետի ապագա ենթադրական կրկնություն է, որը կազմված է մշտական, համօգտագործվող, 3D վիրտուալ տարածքներից:
Անվանափոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընկերությունը պայքարում է օրենսդիրների և կարգավորող մարմինների կողմից իր շուկայական հզորության, ալգորիթմական որոշումների և իր հարթակներում չարաշահումների նկատմամբ վարած քաղաքականության հետ կապված քննադատությունների դեմ:
Գործադիր տնօրեն Մարկ Զուքերբերգը, ելույթ ունենալով ընկերության ուղիղ հեռարձակվող վիրտուալ և ընդլայնված իրականության համաժողովում, ասել է, որ նոր անվանումն արտացոլում է նոր վիրտուալ տիրույթի կառուցման կարեւորությունը:
Տեխնոլոգիական հսկա այս ընկերությունը հայտարարում է, որ այս փոփոխությունը մեկ նոր ապրանքանիշի տակ կհամախմբի իր տարբեր հավելվածներն ու տեխնոլոգիաները: Սակայն ըներության կառուցվածքը փոխելու մտադրություն չկա:
‘’Մետավերս’’ եզրը, որն առաջին անգամ կիրառվել է երեք տասնամյակ առաջ գրված մի վեպում, վերաբերում է ընդհանուր վիրտուալ միջավայրի գաղափարին, որը կարող է հասանելի լինել տարբեր սարքեր օգտագործող մարդկանց կողմից:
Զուքերբերգն ասել է, թե նոր անվանումը խոսում է այն մասին, որ ժամանակի ընթացքում օգտատերերը կարիք չեն ունենա օգտվել Facebook-ից՝ ընկերության մյուս ծառայություններից օգտվելու համար:
Ընկերությունը բլոգային գրառման մեջ հայտարարել է, որ մտադիր է գործունեությունը սկսել դեկտեմբերի 1-ից իրեն վերապահված նոր բաժնետոմսերի՝ MVRS-ի ներքո: