Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը լսում է Ջուլիեն Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը


Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը քննում է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ի իշխանություններին հանձնելու հարցը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են հաքերային հարձակումներ իրականացնելու եւ գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ:

Երկօրյա լսումները նախատեսվում է սկսել չորեքշաբթի օրը Լոնդոնում, որտեղ Ասանժի կողմնակիցները վերջերս բողոքի երթ էին անցկացրել նրա արտահանձնման դեմ: Փորձագետներն ասում են, որ արտահանձնման գործը կարևոր հարցեր է առաջացնում մամուլի ազատության վերաբերյալ:

2010 և 2011 թվականներին Ասանժը վերահսկել է Wikileaks-ի կողմից տասնյակ հազարավոր դիվանագիտական հեռագրերի և ռազմական զեկույցների հրապարակումը, որոնք վերաբերում էին Իրաքում և Աֆղանստանում ընթացող պատերազմներին: Ասանժը հայտարարում է, որ տեղեկատվության նման հոսքը բացահայտում է ԱՄՆ-ի բանակի կողմից իրականացվող չարաշահումները:

ԱՄՆ-ի դատախազները հունվար ամսին բողոքարկել են բրիտանական շրջանային դատարանի այն որոշումը, ըստ որի Ասանժը չպետք է արտահանձնվի, պատճառաբանելով, որ վերջինս կարող է ինքնասպանություն գործել ԱՄՆ-ի խիստ ռեժիմի բանտում:

Ասանժը ներկա պահին գտնվում է Լոնդոնի Բելմարշի բանտում, քանի որ, ըստ դատարանի, ազատության պայմաններում նա կարող է դիմել փախուստի:

Միացյալ Նահանգների փաստաբանները պնդում են, որ Ջուլիան Ասանժի նկատմամբ կիրառված ցանկացած պատիժ նա կարող է կրել ավստրալիական բանտում:

XS
SM
MD
LG