Օրերս մայրաքաղաք Վաշինգտոնի մոտ գտնվող Ալեքսանդրիա քաղաքում հնչում էր հայկական երաժշտություն, քաղաքապետարանի կենտրոնական հրապարակին հարող փողոցում ներկայացված էին տեղի հայկական արվեստագետների, նկարիչների գործեր և ամերիկահայ ձեռներեցների ապրաքատեսակներ: Այստեղ կարելի էր ճաշակել նաև հայկական ուտեստներ: Ալեքսանդրիա քաղաքը հյուրընկալել էր Հայկական մշակութային փառատոնը:
''Ալեքսանդրիան Հայաստանի Գյումրիի քույր քաղաքն է: Այդ է պատճառը, որ ընտրեցինք այս հարթակը՛՛,- ասում է միջոցառման կազմակերպիչ Մարիաննա Աղեքյանը:
Փառատոնի համակազմեկերպիչ Մարիաննա Աղեքյանը պատմում է, որ դեռևս անցած տարի գաղափար ծագեց անցկացնել միջոցառում մեկ այլ վայրում, սակայն վրա հասած կորոնավիրուսային համավարակը թույլ չտվեց իրականցնել այս գաղափարը: Այնուհետև կազմակերպիչների ուշադրությունը հառեց դեպի մայրաքաղաքից ոչ հեռո Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաք: Այն 1991թ.-ից Գյումրիի քույր քաղաքն է, և այստեղ շուրջ քառորդ դար անցկացվել են հայկական մշակութային փառատոններ Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքներ խորագրի ներքո: Արդյունքում, վերջին մի քանի տարիներին դադարեցված այս ավանդույթը վերականգնվեց Մարիաննա Աղեքյանի ու Մարինա Սարուխանյանի ջանքերի շնորհիվ:
՛՛Մենք որոշեցինք այն կազմակերպել այստեղ՝ Ալեքսանդրիայում: Այն ունի շատ գեղեցիկ հրապարակ, իսկ տեղի բնակիչները հավանում են հայկական մշակույթը, քանի որ ավելի քան երկու տասնամյակ ներկա են գտնվել հայկական փառատոնին՛՛,- ասում է Աղեքյանը:
Փառատոնին մասնակցելու էին եկել Նյու Յորքից, Ֆիլադելֆիայից, Վաշինգտոնից հայկական համույթներ, կատարողներ, կիրակնօրյա դպրոցի սաներ, այդ թվում ՛՛Շուշի՛՛ պարախումբը, երգիչներ Գևորգ Արդինյանն ու Գևորգ Չաքմանյանը, հիփհոփ կատարող Մարք Թուրեյը, Վաշինգտոնի սբ. Մարիամ եկեղեցու ՛՛Շնորհալի՛՛ դպրոցի սաները: Բեմից հնչեցից ողջույնի խոսքեր ուղղված փառատոնին ներկա ղարաբաղյան պատերազմում վիրավոր և այսօր ԱՄՆ-ում բուժում ստացող զինվորական Շանթ Ամբարդարյանի, ինչպես նաև Ալեքսանդրիա-Գյումրի նախորդ փառատոնների կազմակերպիչ և վարող Դին Շահինյանի հասցեներին:
՛՛ Մասնակիցները շատ մեծ հաճույքով համաձայնվեցին: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ այդ կապակցությամբ: Դա շատ ողջունելի է և հաճելի: Մենք ունենք շատ հարուստ մշակույթ: Մշակույթով պետք է հաղթենք, և շեշտը պետք է դնենք դրա վրա՛՛,- նշում է համակազմակերպիչ Մարինա Սարուխանյանը:
Միջոցառումը վարող Մարք Թուրեյը կես կատակ նշում է, որ անգամ որոշ ժամանակ տեղացած անձրևը չկարողացավ խաթարել հայկական փառատոնը: Նա կարևորում է նման միջոցառումների անցկացումը:
՛՛Սա հնարավորություն է ներկայացնել հայկական մշակույթը և այն ամենը, ինչ մենք տվել ենք աշխարհին: Այն նաև ճանաչելի է դարձնում այլազգիների համար մեր ժառանգությունը և խոհանոցը",- ասում է նա:
Միջոցառումը, ինչպես նախկինում, մեծ ոգևորություն էր առաջացրել տեղի ամերիկահայության շրջանում: Փառատոնին ներկա գտնված Ռուբինա Դավթյանին այստեղ էր բերել դեպի հայկական ժառանգություն իր կարոտն ու սերը, որը նա ցանկանում է փոխանցել իր երեխաներին:
՛՛Հրաշալի միջոցառում, շատ լավ կազմակերպված: Չափազանց ուրախ եմ: Շատ լավ օր անցկացրեցինք: Կցանկանայի, որ շատ լինեն նման օրեր, որ կարող լինենք վայելել հայկական մշակույթը՛՛,- ասում է Դավթյանը:
Իսկ կազմակերպիչները նպատակ ունեն նախկինում ամենամյա այս փառատոնը կրկին դարձնել շարունակական: Դրա շրջանակում կան բազմաթիվ գաղափարներ, օրինակ՝ հայկական ֆիլմերի ցուցադրում, որոնք սակայն անհնար էր իրականացնել այս տարի համավարակի պատճառով: Հուսանք մյուս տարի հնարավորություն կունենանք ընդլայնելու փառատոնը, ասում են նրանք:
Facebook Forum