Մատչելի հղումներ

Շուտով սկսվելու է աֆղանստանցի փախստականների տեղաբաշխումը ԱՄՆ-ի նահանգներում


Աֆղանստանից ԱՄՆ տեղափոխված ավելի քան 50 հազար աֆղանստանցի փախստականները, որոնք այս պահին ապրում են ամերիկյան ռազմական բազաներում, շուտով տեղափոխվելու են տարբեր նահանգներ: Մեծ մասին տեղափոխելու են Կալիֆոռնիա եւ Թեքսաս:

Այստեղ նրանց ընդունելու համար անցկացվում են նախապատրաստական աշխատանքներ: Օգնությունը կազմակերպող անձինք ասում են, թե փախստականները գոնե գոհ են, որ կարողացել են Թալիբանի կառավարման ներքո դիմել փախուստի իրենց երկրից:

‘’Բացի այդ արաբական, Մերձավոր Արեւելքի, մահմեդական ե հարավասիական համայնքները մեծ աշխատանք են տարել, որպեսզի այս անձանց այստեղ հատկացվեն բնակարաններ, եւ որ նրանք կարողանան հոգալ իրենց նվազագույն կարիքները’’, ասում է նա:

2012 թվականին Աֆղանստանից ԱՄՆ տեղափոխված թարգմանիչ Լութֆուլլահ Սաադեթը միացել է նրանց, ովքեր կազմակերպում են ընդունելության աշխատանքները: Նրա խոսքերով, չի կարելի հավատալ թալիբներին, քանի որ, ասում է նա, նրանք տալիս են խոստումներ, ու անում հակառակը:

Սաադեթի ընտանիքի տասնյակ անդամներ դեռեւս գտնվում են Աֆղանստանում, այդ թվում եղբայրը, որն աշխատել է ամերիկյան ուժերի համար:

Անցած 40 տարիների ընթացքում Աֆղանստանից հեռացել է մի քանի միլիոն մարդ: Ըստ ՄԱԿ-ի, նրանց 90 տոկոսը բնակություն է հաստատել Պակիստանում եւ Իրանում:

Առաջին հոսքի ընթացքում Կալիֆոռնիա է տեղափոխվելու աֆղանստանցի 5000 փախստական: Սան Դիեգո մարզի ղեկավարներից Ջոել Անդերսոնի խոսքերով, ճիշտ կլիներ, որ ժամանող անձանց բնակեցնեին նույն լեզուն խոսող անձանց հետ:

Ինչ վերաբերում է հայրենիքին, որտեղից իրենք փախել են, մարդիկ առանձնապես լավատեսական հույսեր չունեն ապագայի վերաբերյալ: Բայց փոփոխության հույսի նշույլներ, կամ երազանքներ դեռեւս կան:

Նրանք այսօր պարզապես երազում են, որ Աֆղանստանը մի օր կդառնա ազատ, խաղաղ մի երկիր, որտեղ հավատում են ու հարգում մարդու իրավունքները:

XS
SM
MD
LG