Մատչելի հղումներ

Գո՞հ են Թալիբանի ղեկավարներն իրենց աշխատանքից


Շատ է խոսվում այն մասին, թե ինչ կարծիք ու տպավորություն ունեն աֆղանստանցիները Թալիբանի կողմից երկիրը գրավվելուց հետո: Սակայն կարեւոր է իմանալ նաեւ նրանց կարծիքը, ովքեր երկու տասնամյակ անհնազանդության պայքարին մասնակցելուց հետո առանց կրակ արձակելու գրավեցին երկրի մայրաքաղաքն ու ամբողջ երկիրը: Ինչ կարծիք նրանք ունեն այս պատերազմում հաղթելուց հետո:

Նրանցից Կարի Սաեդ Աղան, պատասխանելով ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակցի հարցերին, ասում է, թե ինքը, մինչեւ Քաբուլի առումը, եղել է այստեղ: Եվ որ իրենք անցած ժամանակներում հաճախ են եկել մայրաքաղաք ու հեռացել:

‘’Թալիբանի հետախուզության անդամներն արդեն Քաբուլում էին, եւ միայն մեր ղեկավարը գիտեր նրանց մասին’’, ասում է նա:

‘’Այժմ, երբ դուք վերցրել եք կառավարությունը, կարծու՞մ եք, որ պիտի անեք ավելին, թե՞ գոհ եք ձեր աշխատանքի համար’’: Այս հարցին Կարի Աղան պատասխանում է, որ նախորդ կառավարության համեմատ, երկրի խնդիրների ութսուն տոկոսը լուծված է: Մնացյալ խնդիրները կլուծվեն շատ արագ’’, ասում է նա, ու շեշտում միասնական մնալու, միմյանց հարգելու ու մեկը մյուսին օգնելու կարեւորությունը: ‘’Դրա արդյունքում էր, որ մենք հասանք հաջողության’’, ասում է նա:

Բայց չէ որ մարդիկ չունեն աշխատանք, չունեն սնունդ: Չէ որ կանգնած են բազում խնդիրների առջեւ: ‘’Ինչպե՞ս կարող եք համարել, որ կառավարությունն անում է բավարար աշխատանք’’, հարց է տալիս ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակիցը:

‘’Տնտեսական հարցերը մեկ ամսում չէ, որ լուծում են ստանում: Կառավարությունը նոր համակարգ է հիմնում: Այն շուտով կհրատարակի ապրանքների գները, եւ նրանք, ովքեր կանտեսեն դրանք ու իրենց ապրանքը կվաճառեն ավելի բարձր գներով, կկանգնեն մահմեդական օրենքների առջեւ’’, պատասխանում է Թալիբանի պաշտոնյան:

Եթե Թալիբանի պաշտոնյան կարող է ազատ կերպով պատասխանել օտարազգի կին լրագրողի հարցերին, ապա կարո՞ղ է նա նույնկերպ վերաբերվել աֆղանստանցի կանանց:

‘’Կանայք շուտով այստեղ կստանան իրենց հասանելիք իրավունքները, որոնք նրանց է վերապահում մահմեդական կրոնը: Որեւէ մեկը չի կարող այդ իրավունքները խլել նրանցից’’, պատասխանում է այն երկրի կառավարության անդամներից մեկը, որի վրա է աշխարհի ուշադրությունը, տեսնելու համար, թե ուր է Թալիբանն այն տանելու քսան տարի անց վերադառնալուց հետո:

XS
SM
MD
LG