Մատչելի հղումներ

Մեծանում է քովիդի դեմ խթանիչ չափաբաժնի կարեւորությունը


ԱՄՆ-ի խորհրդակցական մարմինը վերջերս միաձայն կերպով հաստատեց քովիդ հիվանդության դեմ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի երրորդ` խթանիչ չափաբաժնի ներարկումները սկսելու առաջարկը:

18-ից բարձր տարիք ունեցող անձանց խթանիչ չափաբաժնով պատվաստելու առաջարկը որոշում դառնալու համար պետք է կատարի եւս մեկ քայլ` այն պիտի հաստատվի ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության կողմից:

Հանձնաժողովի անդամներն այսպիսի որոշում են կայացրել, հենվելով այն տեղեկությունների վրա, որոնց համաձայն Johnson & Johnson-ի պատվաստանյութը ժամանակի ընթացքում ավելի քիչ արդյունավետություն է ցուցաբերում, քան Pfizer կամ Moderna ընկերությունների պատվաստանյութերը:

Ինչպես ԱՄՆ-ի առողջապահության ազգային հաստատության տնօրեն Էնթոնի Ֆաուչին է ասում, ԱՄՆ-ը պետք է, հաշվի առնելով նոր տեղեկությունները, համապատասխանեցնի իր որոշումները:

Սակայն պետական ու մասնավոր ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների պատվաստումները պարտադիր պայման հայտարարելու որոշումները զայրույթի ալիք են բարձրացրել մի շարք ընկերություններում, որոնց շարքում է Վաշինգտոն նահանգում գործող ‘’Բոինգ’’ ընկերության գործարանը:

Իրենց հերթին հանրապետական որոշ նահանգապետեր, ինչպես օրինակ Թեքսասի կառավարիչ Գրեգ Էբբոթը, արձակում են գործադիր հրահանգներ, դադարեցնելու համար հարյուրից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերություններում պատվաստումներ պարտադրելու նախագահ Ջո Բայդենի կոչը:

Ինչ վերաբերում է երրորդ չափաբաժնին, ապա այս մասին Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը որոշում կկայացնի ուրբաթ օրը, ըստ որի Johson & Johnson-ի պատվաստանյութի առաջին երկու չափաբաժինները ստացած տասնութից բարձր տարիք ունեցող բոլոր անձինք պիտի երրորդ չափաբաժինը ստանան վերջին ներարկումից առնվազն երկու ամիս անց:

Հիշեցնենք, որ խթանիչ չափաբաժնով պատվաստելու ծրագիր Սպիտակ տունը ներկայացրել էր դեռեւս օգոստոս ամսին, հայտարարելով, որ դրա արդյունքում մեծապես կկարճատվի ոչ միայն վարակի տարածման արագությունը, այլ նաեւ մահացությունների թիվը:

XS
SM
MD
LG