Երկուշաբթի ՝ հոկտեմբերի 11 -ին, Միացյալ Նահանգները նշում է Կոլումբոսի օրը, ինչպես նաև բնիկ ժողովուրդների օրը: 1971 թվականից Կոլումբոսի օրը դաշնային տոն է, որը հաստատվել է ի պատիվ 1492 թվականին Քրիստոֆեր Կոլումբոսի ժամանման Ամերիկա:
Վերջին տարիներին եվրոպական երկրների կողմից Ամերիկայի մայրցամաքի բնիկ ժողովուրդների նկատմամբ գաղութացման տարիներին իրականացրած բռնության ու հալածանքների փաստի ճանաչումը հանգեցրել է Կոլումբոսի օրվա տոնակատարության նկատմամբ մոտեցման փոփոխության: Անգամ հնչում էին կոչեր այս տոնը չեղարկելու մասին:
Անցյալ շաբաթ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ Կոլումբոսի օրվան զուգահեռ հայտարարեց բնիկ ժողովուրդների օր:
Ինչպես նշվում է նախագահի հայտարարության մեջ, այսօր մենք ընդունում ենք, որ շատ եվրոպացի գաղութարարներ անարդարություն և վայրագություններ են բերել բնիկ ժողովուրդներին:
«Որպես երկիր մեր մեծության չափն այն է, որ մենք չենք ձգտում թաքցնել մեր անցյալի այս ամոթալի դրվագները: Մենք ազնվորեն ընդունում ենք և բացահայտում դրանք ու անում հնարավորը՝ այն հաղթահարելու համար»:
Այս երկուշաբթի Բնիկ ժողովուրդների օրն առաջին անգամ նշվում է Օրեգոն նահանգում, որը միացել է 12 այլ նահանգներին՝ այս տոնը նշելու հարցում:
Հարավային Դակոտայում այս տոնը հռչակվել է բնիկ ամերիկացիների օր:
Նյու Յորքում և Չիկագոյում կրկին անցկացվում են Կոլումբոսի օրվան նվիրված շքերթներ: Այս ամենամյա լայնածավալ միջոցառումները չեղյալ էին հայտարարվել անցյալ տարի ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Facebook Forum