Մատչելի հղումներ

Բլինքենի այցը` Ֆրանսիա


Կորոնավիրուսն ու կլիմայական փոփոխությունը խորացնում են ժողովուրդների եւ տվյալ երկրում բնակվող տարբեր խավերի միջեւ անհավասարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում անցկացված ԵԱՀԿ-ի վեհաժողովի ժամանակ:

‘’Մենք այդ տենդենցը տեսնում ենք նաեւ Միացյալ Նահանգներում, որտեղ փոքրամասնությունների մոտ գրանցվում է քովիդ 19-ից մահացության ավելի բարձր ցուցանիշ: Նրանց վրա նաեւ ավելի մեծ են կլիմայական փոփոխությունների հետեւանքները’’, ասել է Բլինքենն ու ավելացրել, որ ժամանակին պետություններն իրենց հաջողությունները չափում էին համախառն ներքին արդյունքով ու բորսաների ցուցանիշներով, ինչը, ասում է նա, չի արտացոլում աշխատավոր միլիարդավոր մարդկանց կենսմակարդակը: ‘’Սակայն գրանցվող աննախադեպ աճն արձանագրվում է աճող անհավասարությանը զուգահեռ’’, ասել է նա:

Բլինքենի կողմից Փարիզ կատարված այցի առաջին մասը կենտրոնացավ դաշնակից Ֆրանսիայի հետ լարված հարաբերությունները մեղմելու հարցի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները լարվեցին, երբ սեպտեմբերի 15-ին Բայդենի վարչակազմը հայտարարեց Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության գործարք կնքելու մասին: Այդ գործարքի համաձայն Ավստրալիան ստանում է առնվազն ութ միջուկային սուզանավ: Դրա արդյունքում Ավստրալիան հրաժարվել էր Ֆրանսիայի հետ ավելի վաղ կնքված գործարքից, ըստ որի նախատեսում էր գնել ֆրանսիական արտադրության դիզելա-էլեկտրական սուզանավեր:

Փարիզ կատարած այցի ընթացքում Բլինքենը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որոնք, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, քննարկել են համատեղ մի շարք նախագծեր: Ինչպես այդ պաշտոնյաներն են ասել, նախագծերի մասին կողմերը կհայտնեն այս ամսվա վերջին, երբ հանդիպեն նախագահներ Մակրոնը եւ Բայդենը:

XS
SM
MD
LG