Մատչելի հղումներ

ԱՄՆ աջակցում է Թուրքիայի հետ ՀՀ փակ սահմանները վերաբացելու ջանքերին. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեա

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան ելույթ է ունեցել ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Միջոցառումը սեպտեմբերի 30-ին կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:

Պետքարտուղարի տեղակալի խոսքերով՝ Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հույս հայտնում, որ նույն արձագանքին կարժանան նաև գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Զեան նաև կարևորում է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերը հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորման ուղղությամբ:

՛՛Դեռևս շատ աշխատանք կա անելու: Մենք ողջունում ենք հնարավորությունները աջակցելու Ձեր ջանքերին՝ ուղղված անկողմնակալ և անկախ դատական համակարգը խթանելուն, խոսքի ազատության նկատմամբ հարգանքը մեծացնելուն և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը ուժեղացնելուն: Արդյունավետ ժողովրդավարական կառավարումը ներառում է նաև ընդդիմադիրների հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելը: Դրանք կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներ են, և ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դրանք իրականացնելու հարցում՛՛,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալը:

Ուզրա Զեան ցավակցություն հայտնեց ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի կապակցությամբ: ԱՄՆ շարունակում է լիովին հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին՝ ներառյալ Մինսկի խմբի համանախագահի իր դերում: Նա կարևորում է Նյու Յորքում վերջերս կայացած Մինսկի Խմբի հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:

՛՛Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք երկկողմ ջանքերը՝ ուղղված մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը: Երկու կառավարություններին էլ հորդորում ենք հետաքննել մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ մեղադրանքները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար՛՛,- ասում է նա՛

Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին:

՛՛Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին ՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ՛՛,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեան:

Իր խոսքի վերջում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կրկին շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը և հայտնել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր արժեքների հիման վրա ավելի ամուր կապեր հաստատելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG