Մի քանի տրիլիոն դոլարի փաթեթը, որը ներկայացնում է Ջո Բայդենի վարչակազմը, նպատակ ունի մեծ ներդրումներ իրականացնել մաքուր էներգիայի արտադրյության ոլորտում, բարելավել երեխաների խնամքի հաստատություններն ու առողջապահական համակարգը: Ծրագիր, որը մեծապես կարող է ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա:
Սակայն կառավարության ծախսումների մասին այս ծրագիրը չունի հանրապետականների կողմից աջակցություն: Բայց, եթե դեմոկրատները կարողանան հասնել համաձայնության, նախագիծը ֆինանսավորում կապահովի էներգիայի արտադրության բնագավառում նոր աշխատատեղերի համար, եւ կօգնի Ամերիկային ազատվել նավթի ու քարածխի կախվածությունից:
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Քեթի Քասթորն է ասում. ‘’Կլիմայական ճգնաժամը հստակ վտանգ է հանդիսանում Ամերիկայի համար, որտեղ սպասվում են բարձր ջերմություն, ավերիչ ջրհեղեղներ, անտառային հրդեհներ: Այդ պատճառով ենք մենք պայքարում այս ծրագիրն ուժի մեջ մտցնելու համար’’:
Հանրապետականների խոսքերով սակայն, այն կարող է մեծ գին պահանջող սխալ լինել: Սենատի փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելի խոսքերով օրինակ, ‘’Դեմոկրատներն առաջ են քաշում ծայրահեղ ձախակողմյան քաղաքականություն, ինչի արդյունքում կնվազի առաջարկը և կբարձրացնան գները: Այսպիսով, դեմոկրատների ծրագիրը կհանգեցնի նրան, որ ամերիկյան ընտանիքները մեծապես կվնասվեն’’, ասում է նա:
Հանրապետականներին հիմնականում դուր չի գալիս այն հանգամանքը, որ նախատեսվում է բարձրացնել ձեռնարկություններից ու բարձր եկամուտներ ունեցող ընտանիքներից հարկերի գանձումը, ինչը նախատեսված է համայնքային քոլեջների, երեխաների խնամքի ու առողջապահական համակարգի բարելավման համար:
‘’Չէ որ առողջապահության համակարգում անհավասար հնարավորությունները ցավալի հանգամանք է’’, ասում է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Այս նախագծից զատ, վարչակազմն ունի ավելի չափավոր մի ծրագիր: Մեկ տրիլիոն դոլարի համարժեք այս նախագիծը նախատեսված է ենթակառուցվածքների բնագավառում ներդրումների համար, որը Սենատում արդեն իսկ ստացել է երկկուսակցական աջակցություն: