Անվտանգ հղիության արհեստական ընդհատումների միջազգային օրն այս շաբաթ նշվեց Մեքսիկայի փողոցներում, որտեղ մարդիկ բողոքում են արհեստական վիժեցումներն արգելող օրենքների դեմ:
Չինաստանում էլ փորձում են ուժի մեջ դնել օրենքի մի նախագիծ, ըստ որի հղիությունը թույլատրվում է ընդհատել միայն առաջին 14 շաբաթների ընթացքում:
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում էլ վերջերս ուժի մեջ մտավ օրենք, որը հղիության ընդհատումներն արգելում է, երբ նկատվում է սրտի աշխատանք:
Աբորտներն ամերիկացիների սահմանադրական իրավունքն է դարձել 1973 թվականից, երբ այդ մասին որոշում կայացրեց Գերագույն դատարանը: Սակայն այս ընտրությունն ունենալու կողմնակից ակտիվիստները բողոքում են, որ դատարանի այդ որոշումը հաճախ է անտեսվում նահանգային մակարդակներում:
Թեքսաս նահանգից ընտրված կոնգրեսական Դոննա Հաուըրդի խոսքերով, խոսքը մարդու ազատության մասին է: ‘’Պետք է հարգել կանանց, ովքեր իրենք են որոշում, որն է ճիշտ կամ սխալ իրենց համար: Խոսքը իրենց կյանքն իրենց նախընտրած ձեւով վարելու մասին է’’, ասում է նա:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, որն այս երկրում փաստորեն սահմանադրական դատարանն է, հրաժարվել է քննել Թեքսասում ընդունված օրենքի դեմ ներկայացված հայցը: Մի բան, որը փորձագետներից շատերի կարծիքով վտանգավոր նախադեպ կարող է դառնալ:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հանդես են գալիս Թեքսաս նահանգում ընդունված օրենքի դեմ: Նրանց ջանքերով սեպտեմբերի սկզբին ընդունվեց բանաձեւ, որը երաշխավորում է հղիությունն ընդհատելու կանանց իրավունքը:
Սակայն այն, որ հանրապետականները Սենատում ունեն այնքան ձայն, որը կարող է կասեցնել բանաձեւը օրենքի վերածելու ջանքերը, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում կանայք դեռեւս չեն ունենա հղիությունն ընդհատելու իրավունք, եթե գրանցվում է պտղի սրտի ակտիվություն: