Մատչելի հղումներ

‘’Թալիբանը շարունակում է մնալ որպես ահաբեկչական կազմակերպություն’’, գեներալ Մարք Միլի


ԱՄՆ-ի Կոնգրեսում շարունակվում են Աֆղանստանի հարցով լսումները, որոնց ընթացքում հրամանատարական անձնակազմի նախագահ, գեներալ Մարք Միլին ասել է, թե Միացյալ Նահանգները չի նկատել Աֆղանստանում իր դաշնակիցների շրջանում ‘’կառավարման ու կամքի դրսեւորման’’ հարցում ձախողումները: Դրա արդյունքում է, ասում է գեներալը, որ փլուզվեց իշխանությունն այնտեղ ու իշխանության եկան թալիբները:

Հանրապետական կոնգրեսականներն այսօր նախագահ Ջո Բայդենին մեղադրոմ են ռազմական հարցերով պաշտոնատար անձանց կողմից ներկայացված առաջարկություններն անտեսելու մեջ: Նույնիսկ դեմոկրատներից ոմանք են տարակուսած զորքերի արագ հետքաշման համար, որը դարձել էր ամերիկյան ուժերում ու քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ:

Բայդենի վարկանիշն, ի դեպ, զորքերի արագ հետքաշումից հետո արագ անկում է գրանցել: Պատկերները, որոնք ցուցադրում էին, թե ինչպես են աֆղանստանցիները անհույս կերպով կառչում ամերիկյան ռազմական օդանավերից, մեծապես է ներգործել ամերիկացիների տեսակետների վրա:

Միլին, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ գեներալ Ֆրենք ՄաքՔենզին, բոլորն են միաբերան հայտարարում, որ իրենք պարզապես ապշել են Թալիբանի կողմից երկիրն այդ արագությամբ գրավվելու փաստով:

ՄաքՔենզին եւ Միլին իրենց վկայություններում ասում են, թե վստահ են եղել, որ հարկավոր էր Աֆղանստանում թողնել առնվազն 2500 զինվորական: Օգոստոս ամսին տրված հարցազրույցներից մեկում նախագահ Ջո Բայդենը հերքել էր հրամանատարության կողմից այդ առաջարկով իրեն դիմելու մասին հայտարարությունները:

Գեներալ Միլին նշել է 2020 թվականի վերջից հնչեցրած նախազգուշացումների մասին, առ այն, որ անվերապահ հետքաշումը կարող էր հանգեցնել Աֆղանստանի կառավարության եւ զինված ուժերի տապալմանը:

Սակայն դեմոկրատ կոնգրեսականները հանրապետականներին հորդորում են վերջ տալ Բայդենին մեղադրելու դիրքորոշմանը, որը նախագահությունը ստանձնել է հունվար ամսին, երբ ամբողջ սխալը տեղի է ունեցել անցած բոլոր քսան տարիների ընթացքում:

Ինչպես օրինակ դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենն է հայտարարում, ‘’Նրանք, ովքեր ասում են, թե ձախողումը տեղի է ունեցել անցած ամիսների ընթացքում, եւ մինչ այդ ամեն ինչ շատ լավ էր ու ճիշտ, պարզապես չեն տեսնում անցած տարիների սխալները’’:

Ինչ վերաբերում է Աֆղանստանից մարդկանց արագ տարհանման աշխատանքներին, գեներալ Միլին ասում է, որ չնայած այն լոգիստիկ հաջողություն էր, սակայն նաեւ իրենից ներկայացնում էր ռազմավարական ձախողում’’:

‘’Հիմա Թալիբանը շարունակում է մնալ որպես ահաբեկչական կազմակերպություն, որը չի խզել իր կապերն ալ Քաիդայի հետ’’, հայտարարել է գեներալը:

XS
SM
MD
LG