Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ռազմական հրամանատարները Կոնգրեսում պատասխանում են Աֆղանստանին վերաբերող հարցերին


ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարք Միլեյը, հանդես գալով Սենատի լսումների ժամանակ, հայտարարել է, թե Աֆղանստանից տարհանումը լոգիստիկ հաջողություն էր, սակայն` ռազմավարական ձախողում’’:

Միլեյն ու Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենք ՄաքՔենզին ասել են, որ իրենք անձամբ են նախազգուշացրել, որ Աֆղանստանում հարկավոր է պահպանել առնվազն 2500 թվակազմով ուժեր:

Ինչպես ՄաքՔենզին է ասում, ինքը նախազգուշացրել է նաեւ, որ այդ ուժերի լիակատար դուրսբերումը կարող է դառնալ Աֆղանստանի զինված ուժերի կործանման պատճառ:

Երկու այս գեներալների հայտարարությունները հակասում են նախագահ Ջո Բայդենի այն պնդումներին, որոնց համաձայն, ինքը չի հիշում որեւէ խորհրդականի, որը հորդորեր իրեն պահպանել ամերիկյան ուժեր Աֆղանստանում: Ի դեպ, Սպիտակ տունը երեքշաբթի օրը մեկ անգամ եւս պաշտպանել է ամբողջ զորքը հետքաշելու որոշումը: ‘’Եթե մենք այնտեղ պահպանեինք 2500 թվակազմով ուժեր, պատերազմը Թալիբանի դեմ շարունակվելու էր, լինելու էին նորանոր զոհեր’’, ասել է խոսնակ Ջեն Փսաքին:

Սենատորներին այժմ առավել հուզում է ահաբեկչության դեմ պայքարի ապագան: Արդյո՞ք ահաբեկչության սպառնալիքները վերացնելու գործն ավելի չի դժվարացել, եւ թե արդյո՞ք Թալիբանն ու նրա ահաբեկիչ գործընկերներն ունեն նոր ահաբեկիչներ մարզելու ավելի մեծ կարողություններ: Այս հարցերին երկու գեներալները պատասխանում են ‘’այո’’:

Նրանք նաեւ կրկնում են, որ ԱՄՆ-ի հետախուզությանը չի հաջողվել կանխատեսել Քաբուլի արագ անկումը:

Իսկ ահա ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կոնգրեսականներին տեղեկացնում է, թե ինքը չի պաշտպանել Աֆղանստանում հավերժ ամերիկյան ուժեր պահպանելու գաղափարը:

Ռազմական բարձրաստիճան այս պաշտոնյաները հայտարարում են, թե հավատացած են, որ պատերազմն Աֆղանստանում հայտնվել էր պատային իրավիճակում արդեն հինգ-վեց տարի առաջ:

Միլեյի խոսքերով, ինքն արդեն այն ժամանակ չի հավատացել, որ այս խնդրին կա ռազմական լուծում, եւ ավելի նախընտրել է բանակցային եղանակով խնդրի կարգավորումը:

XS
SM
MD
LG