Մատչելի հղումներ

Հոկտեմբերի 18-ին կարող է սպառվել ԱՄՆ-ի դաշնային բյուջեն


Իր ծախսերի դիմաց վճարելու ԱՄՆ -ի կառավարության բյուջեն կվերջանա հոկտեմբերի 18 -ին, եթե մինչ այդ չբարձրացվի պարտքի շեմը: Այս մասին հայտարարեց երկրի ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը երեքշաբթի օրը Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ:

«Հրամայական է, որ Կոնգրեսը լուծի պարտքի վերին շեմի հարցը: Հակառակ դեպքում բյուջեն կսպառի իր արտակարգ միջոցները մինչև հոկտեմբերի 18 -ը: Այդ դեպքում գանձապետարանը կմնա շատ սահմանափակ ռեսուրսներով, որոնք արագ կսպառվեն: Ամերիկան, պատմության մեջ առաջին անգամը լինելով, կհայտարարի դեֆոլտ` վարկերը մուծելու անկարողություն: Միացյալ Նահանգների ամբողջական հավատն ու վարկանիշը կխաթարվեն, և մեր երկիրը, ամենայն հավանականությամբ, կկանգնի ֆինանսական ճգնաժամի և տնտեսական անկման առջեւ», ասել է Ելենը:

Հանրապետական սենատորները երկուշաբթի օրը մերժել էին պարտքի վերին շեմը բարձրացնելու բանաձեւը, որն ընդունվելու դեպքում կկանխվեր դաշնային կառավարությանը պատկանող հաստատությունների ժամանակավոր փակումը: Դաշնային հաստատություններն այժմ կանգնած եւ եկող ուրբաթ օրվանից ժամանակավորապես փակվելու վտանգի առջեւ:

Դեմոկրատներն այժմ փորձում են գտնել պարտքի վերին շեմը բարձրացնելու այլ ուղիներ: Դեմոկրատ մեծամասնության ղեկավար Չաք Շումերը կոչ է անում այս հարցի շուրջ որոշում կայացնել սենատորների ձայների պարզ հաշվարկի արդյունքում:

Իսկ ահա հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը հայտարարում է, թե ‘’հանրապետականները որեւէ դեպքում չեն շեղվելու իրենց դիրքերից, որպեսզի դեմոկրատներին չհաջողվի իրենց ժամանակն ու էներգիան ծախսել կուսակցական սոցիալիզմն առաջ տանելու համար’’:

Հնարավոր է, որ դեմոկրատները ստիպված լինեն պարտքի սահմանաչափի դրույթ մտցնել բյուջեի հաշտեցման օրինագծում:

Բայց Շումերը երեքշաբթի օրը մերժեց այդ գաղափարը ՝ ասելով, որ «հաշտեցման ճանապարհը ռիսկային է երկրի համար»: Նա պարտքի սահմանը լուծելու համար հաշտեցման գործընթացը երկար և բարդ որակեց, ավելացնելով, որ միայն փոքր փոփոխություն կատարելով, այդ հաշտեցումը տեղի չի ունենա:

Պարտքի սահմանը հաշտեցման օրինագծում ներառելու համար դեմոկրատները պետք է նորից վերանայեն իրենց բյուջեի բանաձևը ՝ ներառելով պարտքի սահմանի բարձրացումը, մի քայլ, որը բախվում է և՛ քաղաքական խոչընդոտների, և՛ ներկայիս օրակարգի հետ կապված մարտահրավերներին:

XS
SM
MD
LG