Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում սկսվում է քովիդ հիվանդության դեմ խթանիչ չափաբաժնով պատվաստումների փուլը


ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը տվեց իրավունք, որպեսզի քովիդ հիվանդության դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի երրորդ չափաբաժինը տրամադրվի 65-ից բարձր տարիք եւ առողջության առումով վտանգավոր գոտում գտնվող ամերիկացիներին:

Խթանիչ չափաբաժին կոչվող երրորդ ներարկումը պետք է կատարվի երկրորդ չափաբաժինն ընդունելուց առնվազն վեց ամիս անց:

Երկրի նախագահ Ջո Բայդենը դեռեւս օգոստոսին էր հայտարարել պատվաստանյութի խթանիչ չափաբաժին տրամադրելու իր կառավարության որոշման մասին:

Սննդամթերքի ու դեղամիջոցների վարչության ավագ պաշտոնատար անձանցից ոչ բոլորն են համամիտ ամբողջ բնակչությանը խթանիչ ներարկումներ իրականացնելու հարցում: Դրան կողմ է վարչության ժամանակավոր ղեկավար Ջանեթ Ուուդքոքը, սակայն որոշ գիտնականներ պնդում են, որ դեռեւս չկան լիակատար ապացույցներ ի պաշտպանություն երրորդ չափաբաժնի արդյունավետության:

Այլ հաղորդագրությունների համաձայն Johnson & Johnson ընկերությունը հայտարարում է, որ քովիդի դեմ իր պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը մարդկանց մոտ ավելացնում է միջին ու ծանր հիվանդության դեպքում իր ազդեցությունը:

Մոդերնա ընկերության երկրորդ չափաբաժինն առաջարկելու համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Հիշեցնենք, որ մի քանի երկրներում, ինչպես օրինակ Իսրայելում եւ Մեծ Բրիտանիայում արդեն իսկ սկսվել է խթանիչ չափաբաժնով ներարկումների գործընթացը:

Վերադառնալով Pfizer-ին, ասենք, որ այն ներկայացրել է խոստումնալից տվյալներ այն մասին, որ իր պատվաստանյութը դրական մեծ ազդեցություն ունի նաեւ երեխաների շրջանում: Չնայած երեխաները հիվանդության ծանր տեսակով վարակվելու կամ դրանից մահանալու միայն փոքր վտանգի գոտում են գտնվում, Դելտա ենթատեսակի դեպքում երեխաների շրջանում կտրում աճել է հիվանդության մակարդակը:

XS
SM
MD
LG