ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան քվեարկեց կառավարությունը մինչեւ դեկտեմբերի սկիզբը ֆինանսավորելու, դաշնային պարտքի սահմանը կասեցնելու, աղետի գոտին եւ փախստականներին ֆինանսավորելու օգտին:
Դեմոկրատական մեծամասնություն ունեցող պալատում բանաձեւն ընդունվեց 220-ը 211-ի հարաբերակցությամբ, այնպես, ինչպես պալատը բաժանված է դեմոկրատների ու հանրապետականների միջեւ:
Դաշնային կառավարությունը կարող է ժամանակավորապես փակվել, եթե ֆինանսվորումը դադարեցվի սեպտեմբերի 30-ին, երբ ավարտվում է ֆինանսական տարին:
Բանաձեւն այժմ տեղափոխվում է Սենատ, որտեղ հանրապետականների առաջնորդ Միթչ ՄաքՔոնելն ասել է, թե իրենք չեն պատրաստվում վճարել պարտքերն այն ժամանակ, ‘’երբ նախագահ Ջո Բայդենն ուզում է ավելացնել դրանք «անխոհեմ» հարկերի և ծախսերի փաթեթի տեսքով’’:
Սենատում մեծամասնության ղեկավար, դեմոկրատ Չաք Շումերի փոխաբերական խոսքերով էլ ‘’հանրապետականներն ուզում են ճաշել ռեստորանում, հետո արագ հեռանալ` առանց վճարելու’’:
‘’Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին եւ ես ճանապարհ ենք հարթել մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը կառավարությունը բաց պահելու և պարտքը կասեցնելու համար: Դա համարժեք է երկկուսակցական 908 միլիարդ դոլարի կորոնավիրուսային օգնության օրինագիծը ծածկելու համար անհրաժեշտ ժամանակին, որը ստացել է 40 հանրապետական կոնգրեսականների և Մաքքոնելի աջակցությունը: Դա այն ժամանակ էր, երբ նախագահը Դոնալդ Թրամփն էր, իսկ Մաքքոնելը` մեծամասնության ղեկավարը: Այնպես որ, այս պարտքը, որը մենք խնդրում ենք փակել, ամբողջությամբ Թրամփի պարտքն է’’, ասել է Շումերը:
Թեև պարտքի առաստաղի կասեցումը թույլ է տալիս կառավարությանը կատարել արդեն իսկ ստանձնած ֆինանսական պարտավորությունները, հանրապետականները պնդում են, որ այն նաև կնպաստի առաջիկա ամիսներին ծախսերի սպառմանը: