Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն իր այս պաշտոնում առաջին անգամ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` հանդես եկավ ‘’աշխարհում որոշիչ այս տասնամյակում համագործակցության’’ կոչով: Վերահաստատելով ժողովրդավարության եւ դիվանագիտության նկատմամբ իր աջակցությանը, Բայդենն ասաց. ‘’Մենք պետք է միասնաբար աշխատենք, այնպես, ինչպես չենք աշխատել նախկինում’’:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանն անցկացվում է կլիմայական ճգնաժամի, մեկ դարի ընթացքում ամենածանր համավարակի պայմաններում:

‘’Մեր ապագա սերունդների կյանքը կախյալ է այսօր մեր կողմից իրականացվելիք քայլերից: Մենք կանգնած ենք պատմության բեկումնային հանգույցում’’, ասաց Բայդենը:

ԱՄՆ-ի նախագահն իր ելույթում ասաց նաեւ, թե Միացյալ Նահանգները ‘’չի ուզում մի նոր սառը պատերազմ, ոչ էլ ուզում է տեսնել մասնատված աշխարհ’’: ԱՄՆ-ը, նրա խոսքերով, պատրաստ է աշխատել աշխարհի որեւէ երկրի հետ, որը պատրաստ է գնալ հարցերի խաղաղ լուծման, եթե նույնիսկ կան տարաձայնություններ:

Նրա այս խոսքերը հավանաբար ուղղված էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին, որը Բայդենի հետ մեկ օր առաջ անցկացված հանդիպման ժամանակ ԱՄՆ-ին և Չինաստանին հորդորել էր խուսափել, իր խոսքերով, հավանական սառը պատերազմից, և կոչ էր արել երկու երկրներին շտկել միմյանց միջեւ «լիովին անգործունակ» հարաբերությունները:

Բայդենն իր ելույթում անդրադարձավ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերմանը, մի հարց, որը մեծապես է դարձել քննադատության առարկա աշխարհի մեծաթիվ երկրներում: Խոսելով կլիմայական փոփոխության մասին, ԱՄՆ-ի նախագահը խոստացավ, որ ԱՄՆ-ը 11.4 միլիարդ դոլարով կմեծացնի այդ նպատակի համար նոր զարգացող երկրներին դրամական հատկացումները:

Երեքշաբթի օրվա ելույթից հետո նախագահ Բայդենը Նյու Յորքում հանդիպում է անցկացնելու Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ, որը խոսել է Ավստրալիայից եւ ԱՄՆ-ից իր դեսպաններին հետ կանչելու Ֆրանսիայի որոշման մասին: Հիշեցնենք, որ Փարիզն այս քայլին է դիմում այն պատճառով, որ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի հետ միասին Ավստրալիայի համար համաձայնվել են կառուցել միջուկային սուզանավեր, այս երկրին օգնելու համար պաշտպանվել չինական սպառնալիքից: Այդ գործարքի արդյունքում չեղյալ է հայտարարվում Ֆրանսիայի հետ կնքված ոչ միջուկային սուզանավերի գնումների մասին մոտ 70 միլիարդ դոլարի գործարքը:

Սպիտակ տան խոսնակն ասել է, թե Բայդենը շուտով հեռախոսով զրուցելու է Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ:

XS
SM
MD
LG