ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը վկայություն տվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերաբերյալ լսումներին:
Հանրապետական օրենսդիրներն ու որոշ դեմոկրատներ քննադատել են նախագահ Բայդենի գործողությունները ՝ կապված Աֆղանստանից ամերիկյան զինուժի դուրսբերման, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների և հազարավոր աֆղանցիների տարհանման հարցում: Վերջիններս աշխատել են ամերիկյան բանակում որպես թարգմանիչներ և խորհրդատուներ պատերազմի ընթացքում:
Այս քննադատությունը հատկապես ցնցող բնույթ ստացավ այն բանից հետո, երբ 13 ամերիկացի զինծառայողներ Քաբուլի օդանավակայանից դուրս գալու վերջին օրերին զոհվեցին մահապարտ ահաբեկչի ռումբից: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետության» մաս համարվող «Խորասան» խմբավորումը:
Բլինքենը երեքշաբթի օրը կմասնակցի նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների շրջանում լայնորեն աջակցություն է ստացել Բայդենի՝ Աֆղանստանում «հավերժական պատերազմը» վերջ դնելու որոշումը, սակայն ոչ դրա իրականացումը:
Պետքարտուղարության ղեկավար Բլինքենը, ըստ երևույթին, պետք է պատասխանի այն հարցերին, թե ինչու ամերիկյան քաղաքացիների տարհանումը ավելի վաղ չէր սկսվել, մասնավորապես այն բանից հետո, երբ Բայդենը հայտարարեց ապրիլին պատերազմը դադարեցնելու և ամերիկյան ուժերի դուրս բերելու մտադրության մասին:
Օրենսդիրները նաև քննադատել են ամերիկյան հետախուզական ծառայությունների եզրակացությունները, որոնք չեն կանխատեսել թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավումը և Աֆղանստանի կառավարության նման տապալումը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախկին առաջնորդ Աշրաֆ Ղանին անսպասելիորեն լքեց երկիրը՝ քաղաքական ապաստան փնտրելով Արաբական Միացյալ Էմիրություններում:
Հանրապետական օրենսդիրներն ասել են, որ մտադիր են իրենց հարցերը կենտրոնացնել պատերազմի վերջին շաբաթներին և օրերին Բայդենի գործողությունների վրա: Դեմոկրատները ձգտում են վերլուծել ԱՄՆ -ի ռազմական ողջ ջանքը չորս նախագահների՝ հանրապետականներ Բուշ կրտսերի ու Թրամփի, ինչպես նաև դեմոկրատներ Օբամայի և Բայդենի օրոք:
Facebook Forum