Մատչելի հղումներ

Փարիզում սկսվեց 2015 թվականի ահաբեկչական հարձակումների շուրջ դատավարությունը


Փարիզում չորեքշաբթի օրը սկսվեց 2015 թվականի ահաբեկչական հարձակումների մեջ մեղադրվողների դատավարությունը:

6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվում հեռակա կարգով: Ըստ հաղորդագրությունների, վեցից հինգը սպանվել են Իրաքում եւ Սիրիայում:

Հիշեցնենք, որ Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման ինն ահաբեկիչներ, որոնց մեծ մասը` Ֆրանսիայից ու Բելգիայից, այդ օրը հարձակումներ էին իրականացրել Ֆրանսիայի ազգային մարզադաշտում, բարերում ու ռեստորաններում, ինչպես նաեւ Բատակլանի թատրոնում անցկացվող համերգի ժամանակ: Հարձակումներին զոհ էր գնացել 130 մարդ: Նրանցից իննսունը զոհվել էր համերգի ժամանակ: Այստեղ 490 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ:

Ինչպես այդ օրվա համերգի մասնակիցներից Ստեֆանի Թութլույանն է ասում, ‘’Մենք ունենք այս ամենը հաղթահարելու պարտավորություն եւ առաջ շարժվելու կամք` հանուն նրանց, ովքեր չունեցան ողջ մնալու մեր բախտը: Դա նրանց ճակատագիրն էր, եւ նրանք հեռացան մեզնից: Ու եթե չենք ուզում, որ ահաբեկիչները հաղթեն, մենք պիտի շարունակենք հաճախել համերգներ, պետք է շարունակենք մեր կյանքն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում ապրել’’:

Ահաբեկչական խմբի միակ ողջ մնացած տասներորդ անդամին` Սալահ Աբդեսլամին ձերբակալել էին Բրյուսելում 2015 թվականի նոյեմբերին: Նա մեղադրվում է հարձակումներն իրականացնողներին օգնելու մեջ:

Ֆրանսիայի պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը շուրջայց են իրականացրել Փարիզում հատուկ այս դատավարության համար կառուցված դատարանում, որտեղ դատավարությունը կարող է շարունակվել մի քանի ամիս:

Դատական նիստի հենց սկզբում, այն հարցին, թե ինչ մասնագիտություն ունի, Աբդեսլամինն ասել է, թե ինքը հրաժարվել է իր մասնագիտությունից, ‘’Իսլամական պետության զինվոր դառնալու համար’’:

Ինչպես Ֆրանսիայի իշխանություններն են հայտարարում, հատկապես այս օրերին հարկավոր է ցուցաբերել մեծ զգոնություն:

Անվտանգության նկատառումներով այստեղ են տեղակայվել ոստիկանության 10 հազար թվակազմով ուժեր:

XS
SM
MD
LG