Մատչելի հղումներ

Հակա-պակիստանյան ցույց Քաբուլում


Երեքշաբթի օրը Քաբուլում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ դատապարտելով, ըստ իրենց, Պակիստանի ներգրավվածությունն իրենց երկրում, որն այժմ վերահսկվում է թալիբների կողմից: Ցուցարաների զգալի հատվածը կանայք էին

Ցուցարարները երթի ընթացքում պահում էին պաստառներ և բղավում «մահ Պակիստանին» և «կեցցե դիմադրությունը»՝ բողոքելով նաև թալիբների դեմ:

Ցուցարար Ռայհան Ջորաթը նշում է, որ ցուցարարները բողոքում են, քանի որ Պակիստանը իրավունք չունի ներխուժել Փանջշիր, ուր տեղի բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ առանց սննդի ու բժկական օգնության: Ո՛չ Թալիբանը, ո՛չ նրանց ներկայացուցիչները, ո՛չ Պակիստանը, ո՛չ էլ որևէ մեկն իրավունք չունի ներխուժել Փանջշիր, ասում է ցուցարարը:

Պակիստանը սերտ կապեր ունի թալիբների հետ: Իսլամաբադին մեղադրում են իսլամիստական խմբավորմանը աջակցելու մեջ, որի հետևանքով վերջինս վերադարձավ իշխանության: Պակիստանը, սակայն, հերքում է մեղադրանքները:

Մեկ այլ ցուցարար ևս նշել է, որ իրենք չենք ցանկանում, որ Պակիստանի հետախուզությունը կառավարություն ձևավորի Աֆղանստանում: Նա շեշտում է՝ Աֆղանստանը միշտ եղել է և կմնա անկախ երկիր: Մենք երբեք չենք ցանկանա, որ Պակիստանը ներկա լինի մեր երկրում: Այն պետք է դուրս գա Աֆղանստանից և դադարեցնի իր միջամտությունը, ասում է ցուցարարը:

Ավելի ուշ Թալիբանի զինյալները սկսեցին օդ կրակել ՝ երթը խափանելու համար, իսկ ցուցարարները ստիպված դիմեցին փախուստի : Տուժածների մասին դեռևս չկա ոչ մի տեղեկություն:

Երկուշաբթի օրը իսլամիստ գրոհայինները հաղթանակ տոնեցին Փանջշիրի հովտում, որը թալիբների վերահսկողույունից դուրս մնացած վերջին նահանգն է: Թալիբանը խոստացել է շուտով ավարտել կառավարության կազմավորումը, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Սոցցանցային լրատվամիջոցներում տարածվում են տեսանյութեր, ուր պատկերված են Թալիբանի զինյալները Փանջշիրի նահանգապետարանի շենքի դիմաց Ահմադ Մասուդի գլխավորած Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի դեմ օրեր տևած մարտերից հետո:

Մասուդը հերքեց, որ իր ուժերը, որոնք բաղկացած էին աֆղանական բանակի մնացորդներից, ինչպես նաև տեղի աշխարհազորայիններից, պարտվել են:

Թալիբները շարունակաբար փորձում են հավաստիացնել աֆղաններին և միջազգային հանրությանը, որ չեն պատրաստվում վերադառնալ երկու տասնամյակ առաջ իրենց օրոք եղած դաժան բարքերին, երբ կանայք ու հասարակության այլ խմբեր ենթարկվում էին բռնաճնշումների և արգելքների:

Սակայն Քաբուլը գրավելուց ավելի քան երեք շաբաթ անց նրանք դեռևս պաշտոնապես չեն հստակեցրել իրենց ծրագրերը:

Թալիբների իշխանության գալուց հետո շարունակվում են մտավախությունները, որ Թալիբանը հաշվեհարդար կտեսնի ամերիկյան կողմին աջակցած աֆղանիստանցիներից: ԱՄՆ-ին հաջողվել է տարհանել մոտ 124,000 օտարերկրացիներ և աֆղանստանցիներ, սակայն տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Աֆղանստանում:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է մոտ 100 ամերիկացիների հետ, որոնք դեռևս գտնվում են Աֆղանստանում: Նա հիշեցրել է, որ թալիբները ստանձնել են պարտավորություն չարգելել որևէ մեկին լքել երկիրը, եթե դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG