Մատչելի հղումներ

Այդա ծովամրրկի հասցրած ավերածություններից հետո սկսվել են մաքրման աշխատանքներ


ԱՄՆ-ի Նյու Յորք եւ Նյու Ջերզի նահանգներում սկսվել են Այդա ծովամրրկի հասցրած ավերածություններից հետո մաքրման աշխատանքներ:

Անցյալ շաբաթ Այդա ծովամրրիկը հարվածել էր Լուիզիանա նահանգին, ինչի արդյունքում միլիոնավոր մարդիկ զրկվել էին էլեկտրականությունից: Որոշ շրջաններում հոսանքազրկումը կարող է շարունակվել մի քանի շաբաթ: Նահանգի կառավարիչն ասել է, թե 16 տարի առաջ Կատրինա ծովամրրկից հետո 14,5 միլիարդ դոլար դաշնային բյուջեից կատարված հատկացումների արդյունքում կառուցված պաշտպանիչ պատնեշների համակարգն այսօր այս նահանգը փրկել է ավելի խոշորմասշտաբ ավերածություններից:

Նախագահ Բայդենն անցած ուրբաթ օրն էր ժամանել այս նահանգ ու հայտարարել, որ տուժած ընտանիքներին փոխհատուցելու համար արդեն իսկ փոխանցվել է 100 միլիոն դոլար: Որպես առաջին օգնություն առաջին 500-ական դոլարները կփոխանցվեն մարդկանց բանկային հաշիվներին:

Իսկ կլիմայական հարցերով գիտնականները նախազգուշացնում են, որ համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանի շարունակվող բարձրացման արդյունքում տեղի կունենան նոր ու ավելի ավերիչ փոթորիկներ: Նախագահի ավագ խորհրդական Սեդրիկ Ռիչմոնդն էլ կոչ է անում չուշացնել կլիմայական փոփոխության դեմ գործողությունները: Նրա խոսքերով, նման փոթորիկները, որոնք անցյալում տեղի էին ունենում հարյուր տարին մեկ անգամ, այսօր ավերածություններ են պատճառում ամեն տարի: ‘’Դրանք տարեց-տարի ավելի են ուժգնանում’’, ասել է նա ու ավելացրել, որ հարկավոր է ընդունել համապատասխան օրենքներ այդ պայքարը ծավալելու համար:

Հիշեցնենք, որ Այդա ծովարմրրիկը դարձել է առնվազն 50 մարդկանց մահվան պատճառ, կան անհետ կորածներ: Զոհերի մեծ մասն արձանագրվել է Նյու Յորք, Նյու Ջերզի եւ Փենսիլվանիա նահանգներում:

XS
SM
MD
LG