Մատչելի հղումներ

Քաբուլի օդանավակայան. Որքան շուտ, այնքան` լավ


Աֆղանստանից անցած օրերի ընթացքում դուրս է բերվել ավելի քան 100 հազար մարդ: Սակայն հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկչական հարձակումները, որոնց զոհ գնաց 90 մարդ, այդ թվում ամերիկացի 13 զինվորական, մեծապես է խանգարել տարհանման աշխատանքներին:

Քաբուլում հինգշաբթի օրը սկսվեց քաոս, երբ մի ռումբ պայթեց օդանավակայանի դարպասներից մեկի մոտ, եւ մի քանի րոպե անց`Բարոն հյուրանոցի մոտակայքում: Տասնյակ աֆղանստանցիներ ու ամերիկացի 13 զինվորականներ դարձան երկու հարձակումների զոհ:

Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումը, որը թշնամի է համարում ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաեւ Թալիբանին:

‘’Նրանք, ովքեր իրականացրին այս հարձակումը, նրանք, ովքեր ցանկանում են վնաս հասցնել Ամերիկային, պիտի իմանան հետեւյալը. Մենք դա չենք ներելու, չենք ներելու: Մենք հետապնդելու ենք ձեզ ու ստիպելու ենք պատասխան տալ դրա համար’’, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Ամերիկյան ուժերի դուրսբերման աշխատանքները ղեկավարող գեներալներից Ֆրենք ՄաքՔենզին Պենտագոնում ասել է, թե ամերիկացիների եւ վտանգի տակ գտնվող աֆղանստանցիների դուրսբերման աշխատանքները շարունակվում են:

‘’Իսլամական պետությունը’’ չի կարող կասեցնել մեր առաքելությունը: Ես դա վստահաբար եմ ասում’’, հայտարարել է գեներալը:

Օդանավակայանը գտնվում է ամերիկյան ուժերի լիակատար վերահսկողության ներքո, որտեղ իրենց աշխատանքները նրանք համակարգում են Թալիբանի զինյալների հետ համաձայնությամբ: Այնպես որ, այս պահին վտանգը Իսլամական պետություն խմբավորումն է: Որեւէ մեկ զինվորական այստեղ չի ուզում թողնել անօգնական որեւէ մեկի: Բայց բոլորն են լավ հասկանում, որ որքան շուտ ավարտվի տարհանման գործը, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար:

XS
SM
MD
LG