Մատչելի հղումներ

Աֆղանստանի հարեւաններն ու Եվրոպան փորձում են կանխել միգրանտների մուտքն իրենց տարածք


Թուրքիայի հետ սահմանի երկայնքով 40 կիլոմետրանոց պատի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Հունաստանը հասցրեց այն կառուցել, մինչեւ Թուրքիայի տարածքով աֆղանստանցի փախստականները կհասնեին իր սահման:

‘’Մենք հարգում ենք մարդկանց ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները, սակայն չենք կարող թույլ տալ նոր միգրանտների անկառավարելի մուտք մեր երկիր’’, ասել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարարը: Պաշտոնական Աթենքը հայտարարում է, թե փախստականներին կվերաբերվի Եվրոպական միության քաղաքականությանը համապատասխան: Հիշեցնենք, որ 2015 թվականին Եվրոպա մուտք գործած 1 միլիոն 200 հազար միգրանտների համար Հունաստանն էր դարձել առաջին դարպաս:

Եվրոպական քաղաքականության կենտրոնից վերլուծաբան Հելենա Հահնը կարծում է, որ ի տարբերություն Սիրիայի պատերազմի, Աֆղանստանում թալիբները թույլ չեն տա մեծ թվով աֆղանստանցիների արտահոսք: Իրանը, ասում է նա, միշտ է նման դեպքերում փակել իր սահմանները ու փախստականների ճամբարներ կառուցել սահամանին, թույլ չտալով նրանց անցնել սահմանը: ‘’Թուրքիան էլ պատ է կառուցել Իրանի հետ սահմանին եւ ավելացրել այն կենտրոններում պահվող անձանց թիվը, որոնց մտադիր է ավելի ուշ հետ ուղարկել իրենց երկրներ:

Սակայն հակառակ այս ամենին, մեծաթիվ աֆղանստանցիների է հաջողվել անցնել Թուրքիա: Նրանց այժմ պահում են Վան քաղաքում:

Թուրքիայի պաշտոնատար անձինք ասում են, որ նրանց հետ ուղարկելու փոխարեն դեպի Աֆղանստան, կաշխատեն ուղարկել Եվրոպական միության երկրներ, Ամերիկա ու Կանադա:

Այսօր նոր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ հիմա էլ Լեհաստանն է մտադիր կառուցել պատ Բելառուսի հետ սահմանին, որտեղ վերջերս արձանագրվել էր փախստականության մեծ ներհոսք:

Լեհաստանը մեղադրում է Բելառուսին այս փախստականներին իր սահմաններ ուղարկելու մեջ: Մարդու իրավունքների պաշտպան խմբերն էլ քննադատում են Լեհաստանին` Ժնեւի կոնվենցիայի որոշումներն անտեսելու համար, քանի որ այն մերժում է ընդունել փախստականի կարգավիճակ ստանալու այս միգրանտների դիմումները:

Այնպես որ, աֆղանական խնդիրը միայն պատերազմն ու թալիբներից փախուստը չէ, այլ նաեւ` փախուստից հետո նոր կյանք սկսելու ջանքերը:

XS
SM
MD
LG