Մատչելի հղումներ

Թալիբանը պահանջում է, որ օգոստոսի 31-ից հետո Աֆղանստանում չլինի օտար որեւէ ուժ


Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտ կիրակի օրը նորից հրազենային կրակոցների ձայներ են լսվել: Թալիբանը հայտնել է, որ իր զինյալներն օդ են արձակել կրակահերթ եւ կիրառել են մահակներ, օդանավակայան տանող ճանապարհին կարգ ու կանոն հաստատելու նպատակով: Տուժածներ չեն եղել, սակայն այս ամենը մեկ անգամ եւս շեշտում է այստեղից խույս տալու ցանկություն ունեցող անձանց հոգեբանական իրավիճակը, հատկապես, երբ Թալիբանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ չի մտածում ամերիկյան ուժերի ներկայությունն օգոստոսի 31-ից հետո որեւէ օր երկարաձգելու արտոնություն տալու մասին:

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հորդորում են ԱՄՆ-ի նախագահին ամեն ինչ անել, որպեսզի օտար զորքերին տրված ժամկետը երկարաձգվի, քանի որ մարդկանց տարհանման համար մնացյալ մեկ շաբաթը բավարար չէ:

Այս իրավիճակն օդանավակայանում տիրում է օգոստոսի 15-ին Քաբուլը Թալիբանի կողմից գրավվելուց ի վեր: Այսօր օդանավակայանի մոտ կա կուտակված մի քանի հազար մարդ:

Քաբուլից դեպի հարեւան երկրներ տարհանված անձանց այլ երկրներ տեղափոխելու աշխատանքներին են միացել Delta, United Airlines եւ քաղաքացիական մի շարք այլ ավիաընկերություններ:

Հնդկական օդուժը Քաբուլից դուրս է բերել Հնդկաստանի 170 քաղաքացիների, այդ թվում աֆղանստանցի սիխերի: Հազարավոր աֆղանստանցիներ անցել են Թուրքիայի սահմանը: Վան քաղաքում ոստիկանությունը շուրջկալներ է կազմակերպում առանց փաստաթղթերի անձանց հայտնաբերելու համար:

Աֆղանստանից ամերիկյան ուժերի հափշտապ դուրս բերելու գործողություններն աշխարհի մի շարք երկրների ներկա ու նախկին ղեկավարներ են ենթարկել սուր քննադատության: Նրանց շարքում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որն այս գործողությունն անվանել է ‘’լրջագույն սխալ’’: Բլերը, որը Մեծ Բրիտանայի վարչապետն էր Աֆղանստանում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ռազմական գործողություններ սկսելու տարիներին, հավատացած է, որ ամերիկյան ուժերի դուրսբերման որոշումը պարզապես ունեցել է ‘’քաղաքական եւ ներքին ամերիկյան դրդապատճառներ’’:

Իրադրությունը պայթյունավտանգ է հատկապես այն պատճառով, որ օդանավակայանի մոտակայքում անհայտ անձանց կողմից սպանվել է Թալիբանի մեկ զինյալ: Մյուս կողմից էլ Աֆղանստանի ազգային դիմադրություն ճակատը հայտարարում է, թե պատրաստ է կռվել ընդդեմ Թալիբանի եւ այդ նպատակի համար ունի հազարավոր թվակազմով ուժեր: Նրանք կուտակվել են Փանջշիրի շրջանում, որը հայտնի է դեռեւս խորհրդային ներխուժման, ինչպես նաեւ 1990-ականներին Թալիբանի դեմ մղված մարտերով: Դիմադրության ուժերի հրամանատարն այս ուժերի հիմնադիր ու հերոս Ահմեդ Շահ Մասուդի որդին է: Վերջինս հայտարարել է, որ իրենք նախ փորձելու են բանակցել թալիբների հետ: Նա կոչ է անում երկրում կազմել ‘’լայն-ընդգրկուն կառավարություն’’, որը կներկայացներ երկրի էթնիկական բոլոր խմբերին: ‘’Տոտալիտար վարչակարգ հաստատվելու դեպքում այն չպիտի ստանա միջազգային ճանաչում’’, հայտարարել է Ահմեդ Մասուդը:

Քաբուլից մարդկանց տարհանման աշխատանքներն իրականացնում են աշխարհի մի շարք երկրների օդային ուժեր: Վերջին երկու օրերի ընթացքում նրանց են միացել Գերմանիան, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆրանսիան ու Ճապոնիան:

Facebook Forum

XS
SM
MD
LG