ԱՄՆ պետքարտուղարությունը տեղյակ է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին առաջադրված նոր մեղադրանքների մասին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հարցի:
«Մենք տեղյակ ենք դրա մասին ... Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին», - ասել է Փրայսը:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի՝ Նավալնիի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել «ոչ միայն այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները ձերբակալեցին և բանտարկեցին նրան, այլև բռնի կերպով ցրելուց հետո այն քաղաքացիների ցույցը, որոնք դուրս էին եկել փողոց՝ բողոքելու նրա ձերբակալության դեմ»:
Նեդ Փրայսը նաև ասել է, որ ԱՄՆ-ը տեսնում է բոլոր այն փորձերը, որոնք միտված են «վախեցնելու և ճնշելու ոչ կառավարական, անկախ կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս որպես Նավալնիի դաշնակիցներ»:
«Շատ առումներով դա վարքագծի շատ մտահոգիչ ձևի շարունակությունն է: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել բազմաթիվ ռուսաստանցիներին, ովքեր, ինչպես տեսանք վերջերս, դուրս եկան փողոցային պայքարի՝ իրենց կառավարությանը պատասխանատվության ենթարկելու և ավելի մեծ ազատության համար իրենց ցանկությունը հայտնելու նպատակով»,-եզրակացրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Քննչական կոմիտեն, օգոստոսի 11 -ին ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ով բանտարկված է Ռուսաստանի ընդհանուր ռեժիմի գաղութներից մեկում, նոր քրեական մեղադրանք է առաջադրվել ՝ «քաղաքացիների անօրինական գործողությունները խրախուսող կազմակերպություն ստեղծելու մեջ»: Այս մեղադրանքը կարող է նախատեսել մինչև երեք տարվա ազատազրկում:
ԱՄՆ -ն բազմիցս կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին ՝ անընդունելի որակելով նրա թունավորումն ու ձերբակալությունը: Ալեքսեյ Նավալնիի ճակատագրի հարցը բարձրացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարվա հունիսին Ժնևում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Facebook Forum