Մատչելի հղումներ

Բայդենի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ


ԱՄՆ նախագահը նոր նախաձեռնությունների մասին հայտարարեց Բելառուսում կայացած վիճելի ընտրությունների տարելիցի հետ կապված հայտարարության մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Բելառուսի ռեժիմի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին պատասխանատվության ենթարկելու նոր միջոցառումների մասին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ընդունել է մինչ օրս պատժամիջոցների ամենամեծ փաթեթը բելառուսական ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, ներառյալ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի:

Նախագահ Բայդենը երկուշաբթի հանդես եկավ հայտարարությամբ Բելառուսի նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած զանգվածային բողոքի ցոեւյցերի տարելիցի կապակցությամբ, ուր ընդգծեց, որ բելառուս ժողովրդի հստակ արտահայտած կամքը հարգելու փոխարեն ՝ Լուկաշենկոյի ռեժիմը իրականացրեց ընտրակեղծիքներ, որոնց հաջորդեցին դաժան բռնաճնշումներն ու հալածանքը բողոքի ձայն բարձրացրած հանրույթնա հանդեպ: Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները, ներառյալ հազարավոր խաղաղ ցուցարարների ու ակտիվիստների ձերբակալությունները, քաղաքացիական հասարակության առաջնորդների և լրագրողների նկատմամբ բռնաճնշումներն ու միջազգային նորմերի խախտումները, միտված են ամեն գնով անօրինական պահել իշխանությունը:

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն պաշտպանել մարդու իրավունքները և խոսքի ազատությունը ՝ միաժամանակ պատասխանատվության ենթարկելով Լուկաշենկոյին ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների հետ միասին: ՛՛Ինչպես ես ասացի բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային, մենք աջակցում ենք Բելառուսի ժողովրդին, իսկ նրանք արիաբար իրականացնում են իրենց ժողովրդավարական ձգտումները՛՛,- հայտարարել է նախագահ Բայդենը::

Հայտնի դարձավ նաև, որ երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական արտահանվող պարարտանյութերի և նավթամթերքի նկատմամբ՝ Լուկաշենկոյի և նրա շրջապատի վրա ճնշում գործադրելու նպատակով: Պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ բելառուսական ավիափոխադրողների նկատմամբ, որոնց արգելվում է թռչել Մեծ Բրիտանիայի օդային տարածքով կամ վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայի տարածքում: Արգելվում է նաեւ տեխնիկական օգնություն տրամադրել Լուկաշենկոյին պատկանող ինքնաթիռներին:

Լուկաշենկոն, մինչդեռ, երկուշաբթի օրը հայտարարեց, որ նա արևմտյան երկրներին հրավիրում է նստել բանակցությունների սեղանի շուրջ և չնպաստել պատժամիջոցների հետ կապված վիճակի սրմանը: Նա միաժամանակ հեգնանքով անդրադարձավ նոր պատժամիջոցների սահմանմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9 -ին լրանում է Բելառուսում կայացած վերջին նախագահական ընտրությունների մեկամյակը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ավելի քան 80% ձայն և հաղթել առաջին փուլում: Սվետլանա Տիխանովսկայան, որը համախմբել է ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի մասը, ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ստացել է 10%-ից ավելի քիչ ձայներ:

Ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները այդպես էլ երբեք չհրապարակվեցին, բայց համացանցում հայտնվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները, ուր երևրում է, որ Տիխանովսկայան համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում:

Երկրում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր: Մինսկում կայացած մի շարք քայլերթերին մասնակցել է մոտ 200 հազար ցուցարար, ովքեր պահանջում էին Լուկաշենկոյի հրաժարականը, ԿԸՀ -ի փոխարինումը և նոր նախագահական ընտրությունների նշանակում:

Եվրամիությունը հայտարարեց, որ չի ճանաչում օգոստոսի 9 -ի ընտրությունների արդյունքները, սակայն Կրեմլը որոշեց աջակցել Լուկաշենկոյին ՝ չնայած Ռուսաստանի և Բելառուսի միջև առկա բազմաթիվ տարաձայնությունների:

Լուկաշենկոն գնաց բողոքի ցույցերը դաժան բռնաճնշելու ուղով: Նախնական կալանքի կենտրոններում բելառուսական ՕՄՕՆ-ի աշխատակիցները դաժանաբար ծեծի էին ենթարկում բերման ենթարկված ցուցարարներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին, որոնց մի մասը հայտնվեց բանտում, իսկ մյուսը ստիպված եղավ հեռանալ երկրից: Արևմտյան երկրների կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցները դեռևս չեն տվել սպասված արդյունքը, և այսօր ռեժիմը շարունակում է հետապնդումները անկախ մամուլի և հասարակական կազմակերպությունների նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG