Մարդու գործունեությունը փոխում է կլիման աննախադեպ կերպով և երբեմն` անշրջելի եղանակներով, ասված է ՄԱԿ -ի հրապարակած վերջին գիտական զեկույցում:
Զեկույցը նախազգուշացնում է ջերմային նորանոր ալիքների, երաշտների ու ջրհեղեղների հնարավորության մասին: Սակայն այն նաեւ շեշտում է, որ այս ամենից հնարավոր կլինի խուսափել, եթե աշխարհն արագ արձագանքի:
Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն է ասում, ‘’Եթե մենք միավորենք մեր ջանքերը, հնարավոր կլինի խուսափել համաշխարհային աղետից: Իսկ այդ հարցում հապաղելու ժամանակ մեզ չի տրված’’:
ՄԱԿ-ի Կլիմայական հարցերով միջկառավարական հանձնաժողովի այս զեկույցը կլիմայական փոփոխության վերաբերյալ ամենախոշոր ու մանրակրկիտ աշխատությունն է 2013 թվականին հրապարակված զեկույցից հետո, որտեղ ասված է, որ մթնոլորտի ջերմացման գլխավոր պատասխանատուն ու մեղավորը մարդն է: Մարդու վրա է ընկած երկրգնդի ջերմացման 90 տոկոսի պատասխանատվությունը:
Ըստ հեղինակների, 1970-ականներից երկրագնդի մակերեւույթի ջերմությունը բարձրացել է շատ ավելի արագ, քան անցած 2000 տարիների ընթացքում հիսուն տարի տեւած որեւէ ժամանակ: Դրա արդյունքը Հունաստանում, Թուրքիայում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Իսպանիայում, Հյուսիսային Ամերիկայում այս պահին շարունակվող անտառային հրդեհներն են, Չինաստանում ու Գերմանիայում անցած ջրհեղեղները:
Անցած հինգ տարիները 1850 թվականից ի վեր ամենաբարձր ջերմությունն արձանագրած հինգ տարիներն են եղել: 1901-ից մինչեւ 1971 թվականներն ընկած ժամանակահատվածի համեմատ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արագությունը եռապատիկ մեծացել է: Սառցադաշտերի հալոցքի 90 տոկոսի մեղավորը մարդու գործունեությունն է:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, մոլորակի էկոհամակարգին հասցված վնասն իր ազդեցությունը կթողնի եկող դարերի ու հազարամյակի վրա: Օվկիանոսների ջրի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, այն դարձնելով ավելի թթվային: Ներկա ջերմացման արդյունքում լեռների ձյունն ու բեւեռային սառցադաշտերը դեռեւս մի քանի տասնամյակ կամ մի քանի դար կշարունակեն հալվել: Ինչպես զեկույցը կազմած գիտնականներն են ասում, այս հետեւանքներից շատերը երբեք չեն էլ կարող վերանալ: Նրանք մտահոգություն են հայտնում, որ մինչեւ այս դարի վերջը օվկիանոսի ջրերի մակարդակը կարող է բարձրանալ երկու մետրով: Չի կարելի բացառել նաեւ մինչեւ 2150 թվականը հինգ մետրով բարձրանալու հնարավորությունը, ասում են նրանք: Իսկ սա նշանակում է, որ վտանգի տակ կհայտնվեն ափամերձ բնակավայրերում ապրող հարյուր միլիոնավոր մարդիկ:
Փարիզի կլիմայական հարցերով պայմանագիրը, որը ստորագրվել էր 2015 թվականին, նպատակ ունի թույլ չտալ, որ երկրագնդի ջերմության բարձրացումն անցնի 2 աստիճանը եւ կոչ է անում ջանք չխնայել այն 1.5 աստիճանից ցածր պահելու համար: Իսկ դա հնարավոր կլինի իրականացնել միայն ածխաթթու գազերի արտանետման ծավալների հսկայական կրճատումների դեպքում:
Հույսը միակն է, ասում են գիտնականները: Եթե արտանետումների ծավալները մինչեւ 2030 թվականը կրճատվեն երկու անգամ եւ մինչեւ դարի կեսը հասնենք ածխաթթու գազերի արտանետման զրոյական ցուցանիշին, հնարավոր կլինի կանգնեցնել ջերմացման ընթացքը ու նույնիսկ սկսել ջերմաստիճանի անկման ընթացք:
Կան գիտնականներ, որոնք ասում են, թե բնությունը կարող է մեր նկատմամբ գտնվել բարի եւ մթնոլորտի մարքրման հետ միասին սկսել ջերմության անկում, այնպես, ինչպես երեխայի ջերմությունն է արագ իջնում ճիշտ դեղամիջոց ընդունելուց անմիջապես հետո:
ՄԱԿ-ի զեկույցը մի նոր ցնցող ազդակ պիտի դառնա աշխարհի պետությունների ղեկավարների համար: Չէ որ համաշխարհային խնդիրները լուծում կարող են ստանալ միայն ու միայն համաշխարհային միավորված ջանքերի արդյունքում:
Չպետք է թույլ տալ, որ մեր մոլորակը գնա դեպի կործանում: