Մատչելի հղումներ

Բայդենը հոնկոնգցիներին տալիս է ԱՄՆ-ում մնալու իրավունք


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը ստորագրել է մի հուշագիր, որը ‘’18 ամսով ապահով ապաստան’’ է խոստանում Հոնկոնգի հազարավոր բնակիչների: Այսպիսով հոնկոնգցիները արտաքսվելու փոխարեն ստանում են Միացյալ Նահանգներում մնալու իրավունք, որպեսզի խուսափեն Չինաստանի կողմից վերահսկվող այս տարածքում բռնաճնշումների ենթարկվելու հնարավորությունից:

Բայդենը դատապարտում է Հոնկոնգի ժողովրդավարության դեմ Պեկինի կողմից տասնչորս ամիս շարունակվող ճնշամիջոցները եւ հայտարարում, թե ‘’հրամայական’’ է, որ ԱՄՆ-ի արտաքին հետաքրքրությունները Հոնկոնգի բնակիչներին թույլ տան մնալ ու աշխատել ԱՄՆ-ում:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսաքին ասել է, թե Միացյալ Նահանգները խստորեն դեմ է Չինաստանի կողմից կիրառվող այսպես կոչված ‘’Ազգային անվտանգության օրենքին’’, որը մերժում է հիմնարար իրավունքներն ու ազատությունները, վնասում Հոնկոնգի ինքնավարությանը, ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին:

‘’Հաշվի առնելով քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և դատավարությունները, լրատվամիջոցներին լռեցնելու հանգամանքը և ընտրությունների ու ժողովրդավարական ընդդիմության տարածքի նվազումը, մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել ՝ ի պաշտպանություն Հոնկոնգի ժողովրդի’’, - ասել է Փսաքին:

Հոնկոնգում Չինաստանի արտաքին գործերի նախարարության մասնաճյուղի հայտարարության մեջ էլ որպես պատասխան ասվում է, որ ‘’այսպես կոչված անվտանգ ապաստան առաջարկելով’’, Բայդենը ‘’ներգրավվում է այնպիսի գործողությունների մեջ, որոնք վերացնում են քաղաքի բարգավաճումն ու կայունությունը’’:

Հրամանից օգտվելու հնարավորություն ունեցող մարդկանց ճշգրիտ թիվը դեռեւս պարզ չէ, սակայն Բայդենի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ ԱՄՆ-ում բնակվող Հոնկոնգի 330 հազար բնակիչների մեծ մասը հավանաբար ունեն այստեղ մնալու իրավունք, բացի նրանցից, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ:

XS
SM
MD
LG