Մատչելի հղումներ

Թալիբանը շարունակում է ավերիչ արշավն Աֆղանստանում


Աֆղանստանում Թալիբանի եւ երկրի կառավարական ուժերի միջեւ շարունակվող մարտերի արդյունքում նկատելիորեն մեծացել է փախստականների թիվը:

Նրանց մի մասը հասել է Թուրքիայի տարածքում գտվնող Վանի գավառ, քսան օր շարունակ ամառային տապին քայլելով:

‘’Մենք գիշերներն անցկացնում էինք լեռներում, իսկ օրվա ընթացքում քայլում էինք արեւի տակ առանց սննդի ու ջրի’’, պատմում են նրանք` հիշելով գիշերային ցուրտն ու ցերեկային անտանելի շոգը:

Վանի պաշտոնատար անձինք ասում են, թե գրանցել են ավելի քան 34 հազար փախստական: Անօրինական եղանակով մուտք գործածներին սահմանապահ ուժերը հետ են ուղարկում:

Թուրքիայի սահմանն անցնելուց հետո ոստիկանությունը պետք է նրանց գրանցի` բոլոր տվյալները, այդ թվում մատնահետքերը վերցնելուց հետո: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդկանց Պակիստանի տարածքով անօրինական եղանակով փորձում են անցկացնել Իրան կամ Թուրքիա, որոնց բոլորի նպատակն այստեղից հետո Եվրոպա մեկնելն է:

Մարդիկ պատմում են իրենց անցած անապատների, այնտեղ վխտացող վայրի շների ու նրանց կողմից հետապնդման ենթարկվելու մասին:

Եվ ստացվել է այնպես, որ աշխարհում ապաստան որոնող մարդկանց երեք միլիոնն աֆղանստանցիներ են:

Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը տեղեկացնում է, որ սահմաններն անօրինական եղանակով անցող աֆղանստանցիների թիվը մայիս ամսից աճել է 30-40 տոկոսով:

Նրանք պատմում են, թե ինչպես են թալիբներն իրենց գյուղերը մուտք գործելուց հետո, այրում տները, ֆերմաները, գոմերը դաշտներն ու այգիները:

Փախստականների թիվը ցույց է տալիս շարունակ աճելու միտում, քանի որ մոտենում է այն օրը, երբ այստեղից լիովին դուրսբերված կլինեն ամերիկյան ուժերը: Դա օգոստոսի 31-ն է:

Ու դեռ պարզ չէ, թե ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո ծայրահեղական Թալիբանը երկրի կառավարության հետ կգա խաղաղություն հաստատելու համաձայնության, թե կշարունակի ավերիչ իր արշավը, ինչպես ավերում է այսօր:

XS
SM
MD
LG