Մատչելի հղումներ

Բայդենը շնորհավորել է Փաշինյանին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով

Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ, կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու մասին:

«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներնուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- ասել է նախագահ Բայդենը:

Բայդենն ընդգծել է, որ հասկանում է Հայաստանի առաջ ծառացած բարդ մարտահրավերները անվտանգության ոլորտում, 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը արդյունքում:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերին, և մենք շարունակելու ենք կոչ անել բոլոր գերիների անվտանգ վերադարձը: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելում Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,- Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա:

«Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Facebook Forum

XS
SM
MD
LG