Մատչելի հղումներ

ՀԱՊԿ-ն ավելի շատ խորհդանշական կազմակերպություն է, քան ֆունկցիոնալ. Վերլուծաբանի կարծիք


ՀԱՊԿ-ի գագաթնաժողով, Բիշկեկ, Ղրղզստան, 11/28/2019
ՀԱՊԿ-ի գագաթնաժողով, Բիշկեկ, Ղրղզստան, 11/28/2019

Վերլուծաբաններն ու նախկին դիվանագետներն Ամերիկայի ձայնի հետ զրույցում անդրադարձել են ՀԱՊԿ-ի արդյունավետությանն ու Հայաստանի անդամակցությանն այդ կառույցին

Ռուսաստանի դոմինանտության ներքո գտնվող Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունն ավելի շատ խորդրհդանշական, քան ֆունկցիոնալ բնույթ ունեցող կառույց է, գտնում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի ձայնի հետ հարցազրույցում:

՛՛Դա մի կազմակերպություն է, որը Ռուսաստանը սիրում է ցուցադրել, սակայն, երբ առաջ են գալիս անվտագության հետ կապված հստակ խնդիրներ, Ռուսաստանը, կարծես թե, ցանկանում է օգտագործել այլ միջոցներ՛՛,- ասում է նա:

Այլ միջոցների թվում են, ըստ վերլուծաբանի, զինադադարին հասնելու միջնորդությունները կամ երկկողմ զորավարժությունները, որոնց ականատես ենք Կենտրոնական Ասիայում՝ Աֆղանստանի հետ կապված իրադրության հետևանքով:

Նա շեշտում է՝ Հայաստանը կազմակերպության միակ անդամը չէ, որը չի ստացել համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից: Վերլուծաբանը հիշեցնում է, որ 2010 թ-ին Ղրղզստանի կառավությունն աջակցության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ-ին՝ ներքաղաքական իրավիճակի պատճառով, սակայն չստացավ որևէ աջակցություն:

՛՛Այսպիսով, ՀԱՊԿ-ը գոյություն ունի որպես կազմակերպություն, սակայն այն միշտ չէ, որ լավ է գործում: Կարծում եմ, որ շատ դժվար է հասնել կոնսենսուսի այդ կազմակերպության շրջանակում՛՛,- նշում է Սթրոնսկին:

Այս մոտեցմանը համակարծիք է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը: Հայ-ադրբեջանական հակամարտության առումով ՀԱՊԿ-ի որդեգրած մոտեցման մասին խոսելիս՝ նա կարևորություն է տալիս այն գործոնին, որ Ադրբեջանը չի հանդիսանում այս կազմակերպության անդամ: Ըստ նրա, ՀԱՊԿ-ի համար շատ դժվար կլինի իրականացնել իր պարտականությունները տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում և նրա անդամների շրջանում, եթե հակամարտող կողմերից մեկն ընդգրկված չէ կառույցում:

՛՛ՀԱՊԿ -ի ներսում առկա են երկրներ, որոնք ավելի բարյացակամ են Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ՛՛,- ընդգծում է Կազլյարիչը:

Նա գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ընդհարման պարագայում կառույցի ներսում կառաջանա ներքին լարվածություն, որը կխափանի ցանկացած տեսակի հավաքական արձագանք:

՛՛Անիրատեսական է չափազանց շատ ակնկալիքներ ունենալ այս կազմակերպությունից ՝ որպես կառույց, քանի դեռ Ադրբեջանը մնում է դրա շրջանակներից դուրս՛՛,- ասում է Կազլյարիչը:

Նախկին դիվանագետ, իրավաբան Արմեն Խարազյանի կարծիքով էլ ՀԱՊԿ-ն առանձին վերցրած մարմին չէ, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, այլ անվտանոգության միջազգային մի շրջանակ, որի ներքո Երևանը հարաբերվում է կառույցի այլ անդամների հետ:

՛՛Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերություններ ունի բոլոր անդամ երկրների հետ, և այնտեղ որոշումներ ընդունելու մեխանիզմ կա, որը չեմ կարծում, որ Հայաստանը կարող լինի հաղթահարել, եթե հարց ծագի՛՛,- ասում է Խարազյանը:

Նրա կարծիքով ԼՂ հակամարտության և դրան հաջորդած զարգացումների առումով ճիշտ չէ դնել ՀԱՊԿ-ի պարտավորությունների կատարման կամ չկատարման խնդիրը: Այն, ինչը չի կատարվել այդ ժամանակ, ըստ նրա, վերաբերում է հայ-ռուսական երկկողմ խարսխային պայմանագրերից բխող հանձնառություններին: Խարազյանը հիշեցնում է ՌԴ նախագահ Պուտինի ակնարկը, ըստ որի՝ ՌԴ-ն ամբողջապես կատարում է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասին պայմանգրով սահմանված իր բոլոր պարտավորությունները՝ պաշտպանելով Հայաստանի սահմանները ոտնձգությունից:

՛՛Այս մեկնաբանությունը թյուր է, քանի որ հայ-ռուսական պայմանագիրը խոսում է Հայաստանին ուղղված անվտանգության սպառնալիքների մասին, այլ ոչ թե սահմանների՛՛,- ասում է Խարազյանը:

Նրա կարծիքով ԼՂ շուրջ ստեղծված անցած տարվա իրադրությունը, ըստ պայմանգրի դրույթների, պետք է զարկ տար հայ-ռուսական ռազմակայանի մասին պայմանագրով նախատեսված հանձնառությունների կատարմանը: Նրա կարծիքով ԼՂ վերջին պատերազմի ժամանակ և դրանից հետո անվտանգության հարցով հայ-ռուսական պայմանագրային փաթեթը ձախողվել է դրա նկատմամբ երկու կողմերի անլուրջ վերաբերմունքի արդյունքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG