ԱՄՆ դիվանագիտական հիերարխիայում երկրորդ պաշտոնյան՝ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, երկուշաբթի օրը բանակցություններ է վարել Չինաստանի արտգործնախարարի հետ: Պետքարտուղարությունը բանակցություններն անվանել է «շիտակ և անկեղծ»: Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Շերմանը բարձրացրել է մարդու իրավունքների և Չինաստանի իշխանությունների կողմից պահվող ամերիկացիների և կանադացիների ճակատագրի հետ կապված հարցեր:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցելու Չինաստանի դժկամության կապակցությամբ ՝ COVID-19 համաճարակի պատճառների հետաքննության երկրորդ փուլի շրջանակում:
«Պետքարտուղարի տեղակալը դռնփակ զրույցի ընթացքում բարձրացրեց, ինչպես մենք հրապարակային նշել էինք, Չինաստանի գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հակասում են մեր արժեքներին և շահերին, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների շահերին ու արժեքներին: Դրանք խաթարում են ընդհանուր կանոնների վրա հիմնված միջազգային կարգը », - ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:
Վաշինգտոնը Շերմանի հանդիպումները ներկայացնում է որպես «քննարկումների շարունակություն», որոնք անցկացվել են Ալյասկայում մարտին և դիտարկվում են որպես Բայդենի վարչակազմի և Չինաստանի միջև առաջին բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ: Սակայն բանակցությունները կարծես թե հաջողությամբ չպսակվեցին, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խորը մտահոգություններ հայտնեց Սինցզյան քաղաքում հնարավոր ցեղասպանության, Հոնկոնգում ժողովրդավարական ազատությունների ճնշման, ժողովրդավարական Թայվան կղզու պաշտպանության, ԱՄՆ-ի վրա կիբերհարձակումների և Ամերիկայի դաշնակիցների նկատմամբ տնտեսական հարկադրանքի քաղաքականության վերաբերյալ:
Իր հերթին չինական կողմն ի դեմս փոխարտգործնախարար Սի Ֆենգի, ով մասնակցել է բարձրաստիճան դիվանագետների հանդիպմանը Չինաստանի արտգործնախարար Վամգ Յիի հետ, հայտնել է, որ երկուշաբթի օրվա հանդիպումը ՛՛մեռյալ՛՛ կետից առաջ չի շարժվել և որ հարաբերությունները գտնվում են «փակուղում և բախվում են լուրջ դժվարությունների»: Չինական կողմը ամերիկացի դիվանագետին է ներկայացրել պահանջների մի ցուցակ, որոնց կարգավորումը, ըստ Պեկինի, անհրաժեշտ է կապերը կայունացնելու համար:
Facebook Forum