Մատչելի հղումներ

 
ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Պետքարտուղարի տեղակալ Նուլանդ

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Պետքարտուղարի տեղակալ Նուլանդ


Վիկտորիա Նուլանդ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Վիկտորիա Նուլանդ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Սենատի արտաքին հարաբերույունների հանձնաժողովը օրերս քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ուր անդրադարձել է նաև ԼՂ հարցում Անկարայի ներգրավվածությանը

Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին: Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:

՛՛Մենք ճնշում ենք գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Բաքվի վրա բոլոր ռազմագերիներին անմիջապես ազատ արձակելու հարցում, աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմին և օժանդակի կողմերին հակամարտության կայուն, երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատանքներին՛՛,- հայտարարել է Նուլանդը:

Լսումները նախագահող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը հետաքրքվեց, թե արդյոք պետքարտուղարի տեղակալը տեղյակ է, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Պետքարտուղարի տեղակալը հրաժարվեց պատասխանել հարցին՝ առաջարկելով այն դարձնել առանձին քննարկման առարկա:

՛՛Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ՛՛,- պատասխանել է նա:

Իր արձագանքում, Մենենդեզը ակնարկել է, որ նաև սպասում է պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրվել է Ադրբեջանի կողմից գործածված թուրքական որևէ անօդաչու թռչող սարք: Այն ներառում է ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի, շեշտել է նա:

Իր բացման խոսքում, նա սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վարած քաղաքականությունը Կիպրոսի, Լիբիայի, Սիրիայի և մի շարք այլ կարևոր միջազգային հարցերում: Դրանք կառուցողական գործընկերոջ գործողություններ չեն, առավել եւս՝ՆԱՏՕ-ի դաշնակցի, շեշտել է Մենենդեզը:

Տարածաշրջանում թուրքական ագրեսիայի օրինաչափությունը դարձել է նորմ, նշել է նա՝ անդրադառնալով Անկարայի ներգրավվածությանը ԼՂ հակամարտության հարցում: Նա գործող վարչակազմից ակնկալում է հստակ գնահատական և քայլեր այս հարցում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ՝ Անկարային քննադատելով Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու և Սիրիայից այստեղ զինյալների փոխադրմանը նպաստելու համար:

՛՛Թրամփի վարչակազմը որևէ պատիժ չսահմանեց այս գործողությունների համար, իսկ միջազգային հանրությունը որևէ կոնկրետ արձագանքի չարժանացրեց այն, չսահմանվեցին նաև պատժամիջոցներ: Սա անընդունելի է՛՛,- ասել է Մենեդեզը:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, սենատոր Քրիս Վան Հոլլենն էլ Թուրքիայի գործողությունները Հայաստանի դեմ որակել է ՛՛թշնամական՛՛:

Իր հերթին պետքարտուղարի տեղակալը շեշտել է՝ Միացյալ Նահանգները բազմակողմանի և բարդ հարաբերություններ ունի ավելի քան 68 տարվա ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ: Այստեղ սերտ համագործակցության կողքին առկա են խորը տարաձայնություններ: Նուլանդը որպես ամուր համագործակցության օրինակներ առանձնացրեց ՆԱՏՕ-ի շրջանակում փոխգործակցությունը, առևտրա-տնտեսական կապերը, հատկապես ամերիկյան հեղուկ գազի մատակարարման ոլորտում, պայքարը ահաբեկչության դեմ, Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության սատարումն ու Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազումը Մերձավոր Արևելքում, Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի հիմնախնդիրների շուրջ փոխըմբռնումը:

Տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարաձայնություններից բացի Վաշինգտոնի ու Անկարայի մոտեցումներն, ըստ Նուլանդի, հակադրվում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռների ձեռք բերման, Կիպրոսի հարցում Անկարայի որդեգրած քաղաքականության և Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությւոնների խախտման հետ կապված հարցերում: Մենք ձգտում ենք վերացնել այս խնդիրները և առաջ մղել մեր օրակարգը` բոլոր մակարդակներում մեր թուրք գործընկերների հետ ամուր և կանոնավոր ներգրավվածության միջոցով, նշել է Նուլանդը:

Facebook Forum

XS
SM
MD
LG