Մատչելի հղումներ

Իսրայելի ստեղծած լրտեսական ծրագիրը մի շարք երկրներում կիրառվում է լրագրողներին ու ակտիվիստներին հետապնդելու համար


Այն բացահայտումը, որի համաձայն իսրայելյան NSO Group ընկերությունը իր Pegasus անվանումը կրող հետախուզական համակարգչային միջոցը վաճառել է աշխարհի մի շարք երկրների կառավարությունների, աստիճանաբար վերածվում է սկանդալի: Պատճառն այն է, որ որոշ երկրներում այն կիրառվել է լրագրողներին ու մարդու իրավունքների պաշտպաններին հետապնդելու համար: Թիրախ են դարձել նաեւ այլ երկրների ղեկավարներ, որոնց թվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մակրոնը պահանջում է սկսել հետաքննություն, Իսրայելը` հայտարարում, որ հիմնել է հետաքննչական խումբ, NSO-ն էլ` պնդում, որ լրտեսական այս ծրագրի նպատակը հանցագործներ ու ահաբեկիչներ հայտնաբերելն է:

Փարիզից գործող ‘’Արգելված պատմություններ’’ եւ ‘’Միջազգային համաներում’’ կազմակերպությունների կողմից սկսված միջազգային հետաքննությունը պարզել է, որ լրտեսական ծրագիրը հիմնականում կիրառվել է տասը երկրների կողմից` լրագրողներին ու ակտիվիստներին թիրախ ընտրելով: Ծրագրի միջոցով մուտք են գործել նրանց բջջային հեռախոսներ, նույնիսկ իրենց վերահսկողության տակ առել այդ հեռախոսների տեսախցիկները:

Ինչպես Forbidden Stories, թարգմանաբար` ‘’Արգելված պատմություններ’’ կազմակերպության ներկայացուցիչ Լորեն Ռիշարն է ասում, ‘’Լրագրողներին ու մարդու իրավունքների պաշտպան խմբերի անդամներին այս եղանակով հետապնդելու հարցում հիմնականում աչքի են ընկնում Սաուդյան Արաբիան, Ադրբեջանը, Մեքսիկան, Մարոկոն: Մեքսիկայում այս ծրագրով հետապնդել են մի լրագրողի, որից երկու ամիս անց նրան գտել են սպանված: Նույն եղանակով Ջամալ Քաշուգիի սպանությունից հետո հետապնդել են նրա հարսնացուին’’:

Համակարգչային լրտեսական այս ծրագրի հարձակման թիրախում են հայտնվել նաեւ ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակիցը Ռուանդայում ու մեկ այլ լրագրող` Ադրբեջանում:

Հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանում ձերբակալված ու ծեծի ենթարկած ակտիվիստ եւ բլոգեր Բախթիար Հաջիեւին նույնպես որոշ ժամանակ հետապնդել ու լրտեսել են հենց այս նույն ծրագրով:

‘’Ես չեմ հիշում որևիցե օր կամ շաբաթ, որոնք անցած լինեն առանց սպառնալիքների: Բառացիորեն այսօր, այս հարցազրույցից րոպեներ առաջ, իրավապահ մարմիններն ինձ տեղեկացրեցին և զգուշացրին, որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանի կառավարությանը, նրանք իմ դեմ նոր գործ կսարքեն ՝ հեղինակությունս վնասելու համար», ասել է նա:

ԱՄՆ-ի Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը եւս չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մեծապես է մտահոգված իր շրջանակներում գործող ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ու ‘’Ազատություն’’ ռադիկայանի ավելի քան 180 լրագրոների դեմ նման լրտեսական գործունեություն ծավալելու կապակցությամբ:

XS
SM
MD
LG