ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օրերս կայացան մի շարք պաշտոնյաների թեկնածությունների հաստատման մասին լսումներ, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզն իր մտահոգություն է հայտնել գործող վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի կիրառումը կրկին չեղարկելու առնչությամբ և դրա հետ կապված հարց ուղղել լսումներին մասնակից Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի թեկնածու Քերըն Դոնֆրիդին: Հիշեցնենք, որ 1992 թ.-ին ընդունված բանաձևն արգելում է ամերիկյան կառավարության ուղիղ աջակցությունն Ադրբեջանին, բացի մարդասիրականից, քանի դեռ Բաքուն միջոցներ չի ձեռնարկել՝ ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառումը վերացնելու ուղղությամբ:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, ևկարծում եմ՝ նրանք կշարունակեն լինել ագրեսիվ, քանի դեռ չեն ստացել հստակ ուղերձ այն մասին, որ դա անընդունելի է»,- հայտարարել է Մենենդեզը:
Պատասխանելով սենատորի հարցին՝ Դոնֆրիդը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
«Չափազանց կարևոր է, որ ցանկացած աջակցություն, որը մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չանդրադառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությանը: Մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- պատասխանել է Դոնֆրիդը:
Լսումներին սենատոր Մենենդեզը փոխպետքարտուղարի թեկնածուին հարցեր ուղղեց նաև Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի վարած քաղաքականության և ԱՄՆ-ի արձագանքի մասին: Սենատորը քննադատության ենթարկեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները պետք է ընթանան երկու պետությունների միջև: Մենենդեզը Էրդողանին մեղադրեց Կիպրոսի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը խախտելու մեջ:
՛՛Էրդողանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը: Նա այսօր գտնվում է Կիպրոսի հյուսիսում` սադրելով և մարտահրավեր նետելով Եվրամիության մաս կազմող երկրին՛՛,- ասել է սենատորը:
Նրա կարծիքով ԱՄՆ-ի մի շարք վարչակազմեր բավականին պասիվ են արձագանքել այս ու նման զարգացումներին: Սենատոր Մենենդեզին հետաքրքրում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի թեկնածու Դոնֆրիդի մոտեցումն այս հարցում:
Վերջինս վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի կառավարությունը կդատապարտի Թուրքիայի նախագահի և թուրք կիպրոսցիների առաջնորդի վերջին հայտարարությունները Վարուշա բնակավայրի ու Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի մասին, քանի որ դրանք հակասում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին:
՛՛Այս գործողությունները սադրիչ են, դրանք ապակայունացնող են տարածաշրջանի համար և խոչընդոտում են Կիպրոսի՝ երկհատվածային, երկհամայնքային դաշնության հիմքի վրա ցանկացած կարգավորումը՛՛,- հայտարարեց Դոնֆրիդը:
Վերոհիշյալից բացի լսումներին օրենսդիրների կողմից բարձրացվեցին Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սուդանի և այլ երկրների ու խնդիրների հետ կապված հարցեր:
Facebook Forum